Թուրքիայի ընտրությունները՝ սառը ցնցուղ Արևմուտքի համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը սառը ցնցուղ էր Արևմուտքի համար։ Օրեր շարունակ սոցիոլոգիական տարբեր հարցումներով հանրային տրամադրությունների զոնդաժով, ինչպես նաև տարբեր տեղեկատվական արտահոսքերով փորձում են տպավորություն ստեղծել, թե Էրդողանը չափազանց ետ է մնում իր հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։
Ի վերջո բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի մեկդարյա պատմության ընթացքում առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ Էրդողանը ստացել է քվեների 49,51, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44, 88 %-ը, և մայիսի 28-ին նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլը։ Ի դեպ երկրորդ փուլում առանցքային է դառնալու «Ազգայնական» թեկնածուի՝ Սինան Օղանի աջակցությունը։ Թեև սոցիոլոգները պնդում էին, որ կարող է առավելագույնը հավակնել մինչև 3 % քվեին, Օղանը ստացել է ավելի քան 5 % ձայն, ինչը հնարավորություն է տալիս նրան երկրորդ փուլից առաջ խոսել ուժի դիրքերից և նույնիսկ նախապայմաններ առաջ քաշել։
Ազգությամբ ադրբեջանցի Օղանը հայտարարել է, որ եթե որոշեն միանալ ընդդիմադիր ուժերի դաշինքին, հարկավոր է լինելու հատուկ հուշագիր ստորագրել, որով կբացառվի ցանկացած զիջում քրդամեդ ժողովրդադեմոկրատական կուսակցությանը։ Այս պայմանը բնականաբար անընդունելի է լինելու Քըլըչդարօղլուի համար, հատկապես, որ քուրդ ընտրողները գրեթե միահամուռ գնացել և ընտրել են ընդդիմության թեկնածուին, առավելագույն ձայներ Քըլըչդարօղլուն ստացել է հատկապես քրդաբնակ նահանգներում, ուստի և Օղանի այս պահանջից հետո հնարավոր է, որ նա հայտարարի, թե միանալու է Էրդողանին, ինչից հետո գործող նախագահի շանսերը լրջորեն կավելանան։
Ոչ պակաս ինտրիգային էին եղել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ի վերջո, նույնիսկ, եթե ընդդիմության թեկնածուն դառնա նախագահ, ստիպված է լինելու հաշվի առնել երկրում ստեղծված իրավիճակի հետ։ 600 հոգանոց Մեջլիսում էրդողանի դաշինքը ստացել է 312 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր դաշինքը կստանա 213, իսկ քրդերը՝ 61 մանդատներ, ինչը նաև Էրդողանի կուսակցությանը թույլ կտա տևական ժամանակ ազդել երկրի քաղաքական ընթացքի վրա։ Ամեն պարագայում Թուրքիայի ընտրությունները արդեն իսկ լրջագույն հետևանքներ կարող են ունենալ։ Երկշաբաթյա անորոշությունն ու անիշխանությունը Թուրքիայում ազդելու է տարածաշրջանային բոլոր զարգացումների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության վրա։
Գայանե Սահակյան