Թուրքիայում ավարտին է մոտենում նախագահական ընտրարշավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք քաղաքական գործիչները շաբաթ օրը նախընտրական արշավի վերջին հանրահավաքներն են անցկացրել նախագահական եւ խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին, որոնք կարող են որոշել ՆԱՏՕ անդամ երկրի ապագան, տեղեկացրել է The Associated Press-ը։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պետք է ամենադժվար փորձությունն անցնի իշխանությունում երկու տասնամյակ գտնվելուց հետո, հանդես է եկել Ստամբուլի՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքի հանրահավաքներում։
Նրա մրցակիցը՝ ձախ կենտրոնամետ Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Քեմալ Քըլըչդարօղլուն, որը վեց ընդդիմադիր կուսակցությունների միակ թեկնածուն է, իր վերջին հանրահավաքն անցկացրել է մայրաքաղաք Անկարայում ուրբաթ, հորդառատ անձրեւի տակ։
Ուրբաթ Էրդողանը հերքել է այն ենթադրությունները, թե չի զիջի իշխանությունը, եթե պարտվի՝ այդ հարցն անվանելով «շատ ծիծաղելի»։ Թուրքական տասնյակ հեռարձակողներին տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ «իշխանության է եկել դեմոկրատիայի շնորհիվ եւ կգործի դեմոկրատական գործընթացներին համապատասխան»։
«Եթե մեր ժողովուրդն այլ որոշում կայացնի, մենք կանենք հենց այն, ինչ կպահանջի դեմոկրատիան, եւ մենք այլեւս անելու բան չենք ունենա»,- ասել է նա։
Էրդողանը շաթան օրը հայտարարել է, որ դիտարկում է ընտրությունները որպես «դեմոկրատիայի տոն մեր երկրի ապագայի համար»։
Ընդդիմության արշավը շարունակել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը վերջին հանրահավաքներն է անցկացրել քաղաքում՝ մարդկանց կոչ անելով քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին։
Ուրբաթ օրը Քըլըչդարօղլուն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք հավաքվել էին իր եզրափակիչ ելույթը լսելու, խնդրել է կիրակի գնալ քվեարկության, որպեսզի «փոխեն Թուրքիայի ճակատագիրը»։ Նա ասել է, որ պատրաստ է դեմոկրատիան բերել Թուրքիա, որ կհակասի Էրդողանի դիրքորոշմանը, որը վերջին տարիներին ճնշել է այլախոհությունը։
Թուրքիայում ընտրողների մասնակցությունն ավանդաբար բարձր է, ինչը վկայում է այն մասին, որ այստեղ հավատում են երկրի կյանքին քաղաքացիական մասնակցության այս տեսակին, երկիր, որտեղ ճնշվում է խոսքի եւ հավաքների ազատությունը, գրել է ԶԼՄ-ն։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը տեղեկացրել է, որ որոշել է, որ թեկնածու Մուհարեմ Ինջեին, որն այս շաբաթ դուրս է եկել ընտրարշավից, տրված ձայները կհաշվարկվեն որպես վավեր, եւ որ ընտրություններից նրա դուրս գալը չի դիտարկվի մինչեւ հնարավոր երկրորդ փուլը։