20-ամյա վարորդի պարանոցը, ըստ Թլիկի գյուղապետի, կտրել է ուղևորը` գյուղացիների աչքի առաջ
ԻՐԱՎՈՒՆՔԱրագածոտնի մարզի Թլիկ գյուղում, որտեղ նախօրեին գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել սպանություն, ցնցված են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը, ով մանրամասնեց, որ տղային, որը վարորդ է եղել, սպանել է հաճախորդը:
«Տաքսու վարորդ է եղել, հաճախորդին պտի հասցներ Լենինական, վիճաբանություն է եղել մեքենայի մեջ, վախից քշել է գյուղ, գյուղացիք վախեցել են մոտենալ ու մեկ էլ տեսել են, որ վիզը կտրել, գցել է»,-մանրամասնեց գյուղապետը:
Վերջինիս խոսքով` հանցագործը թարմ հետքերով բռնվել է: «Շներին բաց թողեցինք, հետքերով բռնին, բերին, փորձել էր դաշտերով փախնել»,-պատմեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արագածոտնում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ պարանոցը մի քանի տեղից կտրած. երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ՝ տղամարդու դի:
Shamshyan.com կայքի տեղեկություններով` մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կ. Գ.-ն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։
Ըստ վերջինիս` հանցագործը պատմել է, թե, իբր, սպանվածն է իրեն ագրեսիվ պահել, դանակ է պահել, ինքը խլել է, պաշտպանվել ու ստիպված ինքը հարվածներ է հասցրել:
Սպանություն կատարած անձը պատմել է, որ մեկնում էր Գյումրի՝ մորն այցելության:
Ըստ գյուղապետի` տաքսու հաճախորդը նախկինում դատապարտված է եղել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, այն է՝ «թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի»։