Ադրբեջանցիները պղծել և քանդել են Քաշաթաղի հայկական եկեղեցու եզակի շուրֆը
ՄՇԱԿՈՒՅԹ2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին, հայտնում է monumentwatch.org կայքը։
Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու/ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։
Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր՝ ուր կավաշաղախ հատակի մեջ ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ եւ Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)։
«Աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են աղվանա-ուդիական և այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման գործընթացի մասն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ, նրանք այցելել և ուդիական էին հռչակել Դադիվանքի վանական համալիրը, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիները, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի շարք այլ եկեղեցիներ։