«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սրվում են հակասությունները Տիգրան Ավինյանի հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սրվում են հակասությունները Տիգրան Ավինյանի հետ։ Հենց նրան են հիմնական մեղավոր համարում Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացման և հայ-թուրքական հարաբերությունների վերջին սրման հետ։
Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը ուղիղ հարց է տվել «Քաղպայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին, հիշեցրել, որ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն բառացի հայտարարել է, թե Հայաստանի համար օդային տարածքը փակում են «Նեմեսիս» արձան տեղադրելու համար, Չավուշօղլուն նաև պահանջել էր հանել, ապամոնտաժել հուշարձանը։ Ալեքսանյանը նախ փորձել է համոզել, թե Չվուշօղլուն նման արձանի ապամոնտաժման պահանջ չի դրել, այլ ընդամենը մտահոգություն է հայտնել արձանի բացման կապակցությամբ, մինչդեռ Չավուշօղլուն պարզ և բառացի հայտարարել էր ոչ միայն նման քայլերի շարունակականության, այլ նաև արձանի հեռացման իրենց ակնկալիքի մասին։
Վահագն Ալեքսանյանին նաև հարց են տվել հուշարձանը ապամոնտաժելու հնարավորության մասին, և առնվազն երկու անգամ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչը քարը գցել է երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի բոստանը՝ հայտարարելով, թե արձանները ՀՀ կառավարության տիրույթում չեն, այլ Երևանի քաղաքապետարանի տիրույթում են։ Ըստ էության այս հանգամանքը ցույց է տալիս, որ Տիգրան Ավինյանը լուրջ խնդիրներ ունի սեփական թիմի ներսում, և հուշարձանի բացման պատասխանատվությունը նրա վրա գլորելը ամենահեշտ տարբերակն է փաշինյանական իշխանության համար, առավել ևս, որ Նիկոլն ու իր թիմը թուրքերի առջև արդարանալու խնդիր ունեն և արձանի բացումը , թեկուզ և դրա տեղադրման որոշումը կայացված է եղել դեռևս տարիներ առաջ, այժմ փորձել են օգտագործել փոխքաղաքապետի դիրքերը թուլացնելու համար։ Ուստի, բնավ էլ զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահը առնվազն երկու անգամ շեշտում է Տիգրան Ավինյանի պատասխանատվությունը։
Կարեն Բարսեղյան