Հայաստանին զգուշացրել են պատժամիջոցների շրջանցման մասով. հնարավոր են պաշտոնանկություններ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈւկրաինայում պատերազմի թեժացմանը զուգահեռ՝ Հավաքական Արևմուտքը լրջորեն ավելացնում է իր շահագրգռությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում և կոնկրետ և կարճ նախազգուշացումներ անում Ռուսաստանի հարևան և մերձավոր բոլոր երկրներին, որ այդ պատժամիջոցները շրջանցելու դեպքում լրջագույն խնդիրներ կարող են ունենալ։
Օրեր առաջ, հիշեցնենք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել էր ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվալե Ադեյմոյի հետ, քննարկել էին Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները։ Ադեյեմոն նաև կարևորել էր Միացյալ նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանում ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը։ Իսկ վաղն էլ Մհեր Գրիրորյանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ մասնակցելու է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը նաև Ռուսաստանում պետք է տեղեկացնի նոր իրողությունների մասին, հայտարարի, որ Հայաստանը լուրջ բարդությունների է բախվելու, եթե փորձի շարունակել աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման գործընթացին։
Ի դեպ, «Քաղպայմանագրի» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացիները միայն բանավոր նախազգուշացումով չեն բավարարվել, պարզ և հստակորեն ակնարկել են, որ առնավազն մի քանի պաշտոնյաների դեմ կարող են անվանական պատժամիջոցներ ներդնել, դրանք այն պաշտոնյաներն են, որոնք պաշտոնի բերումով ստիպված են առնչվել ռուսական բիզնեսի հետ և երբեմն աջակցել պատժամիջոցների շրջանցմանը։
Ավելին, չի բացառվում, որ Փաշինյանն ինքն էլ այդ պատրվակն օգտագործի ռուսամետի համարում ունեցող իր մի քանի պաշտոնյաներից ազատվելու համար, մասնավորապես Մհեր Գրիգորյանից, բացի շրջանառվում է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անունը։ Վերջինս թեև քաղաքական սեփական կողմնորոշումներ չունի, սակայն մի քանի անգամ անզգուշություն է դրսևորել, Ռուսաստանի հետ հարաբերությունները պայմանավորելով բացառապես բիզնեսի շահերով, ինչը լրջորեն մտահոգել և զայրացրել է արևմտյան շրջանակներին, որոնք Փաշինյանից պահանջում են էկոնոմիկայի նախարարի պաշտոնում քաղաքական և արևմտամետ հայացքներ ունեցող անձ նշանակել՝ վերջինիս հետ առավել արդյունավետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահելու համար։
Աննա Նադոյան