Ադրբեջանական մտածված սադրանք. խուճապ են տարածում նաև Սյունիքում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍիսիանում երեկ տեղի ունեցած միջադեպը չափազանց լավ պատրաստված սադրանք էր Ադրբեջանի կողմից և առնվազն մի քանի ենթաշերտեր ունի։
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե երեկ գիշեր ժամը 2-ի հատվածում Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձեռբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի մի զինծառայող։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Նախիջևանի տարածքից 2 զինծառայողներ են մոլորվել և հայտնվել Հայաստանի տարածքում։
Արդեն որոշ ժամանակ անց ադրբեջանցի զինծառայողները, որոնցից մեկը եղել է քաղաքացիական հագուստով և զինված ընդամենը դանակով, թակել է Բնունիս համայնքի բնակիչներից մեկի տան դուռը։ Կարճ զրույցից հետո ադրբեջանցին փախուստի դիմել, սկայն նրան բռնել են արդեն հաջորդ համայնքում՝ Աշոտավանում։ Տարօրինակն այստեղ այն է, որ Բնունիսը գտնվում է Նախիջևանի հետ սահմանից 20 կմ հեռու և զարմանալի է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կարողացել անցնել սահմանապահ ուղեկալների մոտով, անվտանգության առնվազն սահմանված մի քանի շերտ հատել, առանց բռնվելու հասնել Բնունիս և Աշոտավան։
Ի դեպ, Ադրբեջանցի զինծառայողներից երկրորդին մինչ այս պահը չեն կարողացել հայտնաբերել։ Տեղի ունեցած միջադեպը լրջորեն խաթարել է հայկական զինուժի նկատմամբ վստահությունը, ինչպես նաև խուճապային տրամադրություններ առաջացրել Սյունիքի շատ բնակիչների մետ, որոնք այլևս իրենց ապահով և անվտանգ զգալ չեն կարող։ Չի բացառվում, որ այս հատուկ գործողությունը, որքան էլ ադրբեջանցի սահմանախախտն առաջին հայացքից անմեղ և խեղճ թվա, իրականացվել է հենց Ադրբեջանի իշխանությունների մշակմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական թողտվությամբ։
44- օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տևական ժամանակ փորձում է ահաբեկել հայ հանրությանը, և այս դեպքն էլ հոգեբանական տերորի մի դրսևորում է, իսկ փաշինյանական վարչախումբը վաղուց դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը։
Սուրեն Կարապետյան