Դիրքում մահացած Կամո Մարտիրոսյանի ծառայակիցն իրեն առաջադրված մեղադրանքը մասամբ է ընդունում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Տավուշի մարզում մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի վիրավորելու մեջ մեղադրվող զինծառայող Նասլեդ Բագրատունին ամբողջությամբ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Վրեժ Ներկարարյանը:
Պաշտպանը նշեց, որ 19-ամյա զինծառայողը պատմել է, որ խոսակցություն է եղել իր եւ մահացածի միջեւ, սակայն մեղադրանքն ամբողջ բովանդակությամբ ընդունելի չէ նրա համար, պնդում է, որ ամեն ինչ այնպես չի նկարագրված, ինչպես որ եղել է:
Հիշեցնենք, որ բացի Նասլեդ Բագրատունուց եւս 3 ժամկետային, մեկ պայմանագրային զինծառայող է ձերբակալվել:
Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):
Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ մահվան դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Զինծառայողի հարազատները վստահ են, որ նա ինքնասպանություն չի գործել:
Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրազենային վնասվածքի հետեւանքով: Նա մահացել է Տավուշի մարզում, մարտական դիրքում: