««Խոսքը ողջամտության մասին է». քաղաքագետը բացատրել է երեք երկրների հետ ռոումինգի վերացումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐKo.ru–ն գրում է, որ Ռուսաստանը, չեղարկելով միջազգային բջջային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, չի փորձում որևէ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, դա ողջախոհության հետ է կապված: Այս մասին «ko.ru»–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը։
«Այդ քայլի նպատակն է նվազեցնել ֆինանսական բեռը այն զբոսաշրջիկների և գործարարների վրա, ովքեր ակտիվ ճանապարհորդում են այդ երկրների միջև»,- պարզաբանել է փորձագետը։ Բացի այդ, այժմ շատ ընկերություններ, այդ թվում ՏՏ ոլորտի, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գրասենյակները տեղափոխել են հարևան երկրներ, հիշեցրել է նա։
Մարտինովը հավելել է, որ Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը գտնվում են Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական ինտեգրացիոն տարածքում։ «ԵՄ–ի հետ համեմատություններն այստեղ տեղին են, կապի և հաղորդակցության ոլորտում ԵՄ երկրները նմանատիպ համաձայնագրեր ունեն», - ասել է քաղաքական գործիչը:
Ռուսաստանի և երեք երկրների այս նախաձեռնությունը քննարկվել է դեռ 5 տարի առաջ, դրա իրավական հիմքը նույնպես վաղուց է հայտնվել, և ներկայումսայդ ամենում քաղաքական ենթատեքստ չկա, ընդգծել է փորձագետը։ «Նախկինում դրան հնարավոր չէր հասնել օպերատորների ագահության պատճառով, հենց նրանք էին ռոումինգը չեղարկելու փոխարեն առաջարկում տարբեր արտոնություններ, զեղչեր և այլ խրթին սխեմաներ և հետաձգում պահը», - ասել է Մարտինովը:
Ի վերջո, ըստ նրա, կողմերը խոսակցությունից անցել են գործի, և այդ գործընթացը ստացել է իր տրամաբանական սկզբը։ «Եվրոպայում ևս, ի դեպ, հեռահաղորդակցության խոշոր ընկերությունները երկար ժամանակ խոչընդոտում էին նման գործընթացին, քանի որ չէին ցանկանում լրացուցիչ գումարներից զրկվել։ Իրավիճակները շատ նման են»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների ճանաչումը Սահմանադրությանը համապատասխան, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի քննադատությունն այդ հարցի վերաբերյալ ոչ մի կերպ կապված չէ ռոումինգի վերացման հետ, ընդգծել է քաղաքագետը։ «Երևանի գործողությունները չեն կարող ազդել այդ նախաձեռնության վրա, դա նման է քառակուսու և աղի տարբերությունը քննարկելուն»,- ամփոփել է Մարտինովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2025 թվականը չեղարկել միջազգային բջջային ռոումինգը ԵԱՏՄ երեք երկրների հետ։ Գործընթացը տեղի կունենա մի քանի փուլով: Առաջին փուլը ներառում է բջջային օպերատորների կողմից իրենց ցանցերում խարդախության ճնշումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը