Արցախում տեղի ունեցած միջադեպի խորքային շերտերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում երեկ տեղի ունեցած մի տհաճ միջադեպն ու ադրբեջանական սադրանքը բավականին խորքային շերտեր են պարունակում։
Նշենք, որ կեսգիշերին մոտ Ադրբեջանի «վայ-բնապահպանները» Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ՝ ընդ որում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
115 օր Գորիսում տեղակայված արցախցիներին էկո ակտիվիստներն ահաբեկել են, իսկ ռուս խաղաղապահների հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, ավելին, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, սպառնալիքներ հնչեցրել, առաջ քաշել նախապայմաններ՝ Ադրբեջանի քաղաքացիությունը ընդունելու, ստուգել։
Ադրբեջանական ահաբեկման արդյունքում 4 կանանց առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նրանցից 3-ն ուշագնաց են եղել։ Այդ կանանց Ստեփանակերտի բժշկական կենտրոն են տեղափոխել ռուսական և ադրբեջանական շտապ օգնության մեքենաներով։ Ադրբեջանն, ի դեպ, փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց, բայց միայն բողոքներից հետո են ստիպված եղել տեղափոխել Ստեփանակերտ, և գրեթե 34 տարի անց առաջին անգամ Ստեփանակերտի փողոցներում ադրբեջանական համարանիշով մեքենա է հայտնվել։
Կարևոր չէ շտապ օգնության մեքենան, ըստ էության, Ադրբեջանն այս սադրանքով նաև հոգեբանական տեռորի է ենթարկում ոչ միայն Հայաստանից Արցախ տեղափոխվելու ցանկություն ունեցող մարդկանց իրենց տները վերադարձողներին, այլ նաև Արցախի ողջ բնակչությանը փորձում է սովորեցնել ադրբեջանական համարանիշներով մեքենային։
Ո՛չ Հայաստանի և Արցախի իշխանությունների կոչերը և ո՛չ էլ որևէ այլ միջազգային հանրության ներկայացուցչի արձագանքն ի վիճակի չէ զսպելու ադրբեջանցիներին, բացատրելու նրանց արարքի անթույլատրելիությունը։ Ադրբեջանը նպատակամղված կերպով գնում է Արցախի էթնիկ զտման՝ դրա անունը վերաինտեգրում դնելով։
Փոխարենը, գրեթե ոչինչ չեն ձեռնարկում ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի իշխանությունները։ Ավելին, Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ գրառում է արել, խստորեն նեղվելով տարբեր սոցհարցումների արդյունքներից, որոնք վկայում են Արցախում իշխանությունների ունեցած ցածր հեղինակությունն ու վարկանիշի բացակայությունը։
Ըստ պետնախարարի՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքները հանրայնացվել, հասանելի են դարձել թշնամիների համար, որոնք դրանք օգտագործում են իրենց նպատակներին։ Ընդհակառակը, պատերազմական վիճակում գտնվող երկրում իշխանությունների վարկանիշը կարող էր չափազանց բարձր լինել, եթե նրանք գոնե փոքր ինչ կատարեին իրենց իսկ պարտականությունները։
Նոնա Ստեփանյան