«Քաղաքացիական պայմանագրի» հերթական լպիրշությունը. ՔՊ-ն գոռում է իր ահից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲռնություն, սպառնալիքներ և վիրավորանքներ։ Ազգային ժողովում Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նողկալի նիստը թերևս դեռ երկար կքննարկվի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների վարքը վեր էր նույնիսկ շատ բաներ տեսած մարդկանց երևակայությունից։
Ընդդիմության ներկայացրած ՄԻՊ թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը, բավականին կոշտ գնահատականներ էր տալիս գործող իշխանության քաղաքականությանը, ինչին «Քաղպայմանագրի» պատգամավորները ծղրտան ձայնով պատասխանում էին ոչ թե քաղաքական գնահատականներով, այլ սպառնալիքներով՝ «անասուն», «լեզուդ կկտրեմ», «ռադ եղի»։
Սրանք ընդամենը մի փոքր մասն են այն սպառնալիքների և վիրավորանքների, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովաննիսյանն ու մյուսները տալիս էին Էդգար Ղազարյանի հասցեին։ Ի պատիվ վերջինիս՝ Ղազարյանը արժանապատվորեն և առանց փոխադարձ վիրավորանքների էր պատասխանում։ Հաճախ չափազանց էմոցիոնալ և այդ պատճառով տհաճ իրավիճակներում հայտնվող Ղազարյանը այս անգամ հանդարտ կեցվածքով կարողացավ հունից լիովին հանել իշխանությանը, մի պահ նույնիսկ «Քաղպայմանագրի» պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Ընդ որում, ՔՊ-ն ընդամենը 4 պատգամավոր ունի այդ հանձնաժողովում, սակայն երկու տասնյակից ավելի ՔՊ-ականներ էին ներկայացել Էդգար Ղազարյանի հետ իրենց հաշիվները պարզելու։ Փոխարենը՝ Ղազարյանի թեկնածությունը ներկայացրած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից որևէ մեկը չէր ներկայացել՝ բացի Թագուհի Թովմասյանից, որն էլ պաշտոնի բերումով ստիպված էր նախագահել խայտառակ այդ նիստի ընթացքը։ Ինչևէ, ի վերջո, գործող իշխանությունը թվային գերակշռությունն օգտագործելով, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկեց և խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» այս վարքը հերթական անգամ ապացուցեց, որ գործ ունենք ապիկար, տգետ և քաղաքականությունից կիլոմետրերով հեռու խմբակի հետ։
Եթե հանենք թիկնապահներին, իրավապահների և մեդիայի աջակցությունը, ինչպես նաև իշխանական ու վարչական բոլոր լծակները, ապա «Արթուր Հովանիսյանները» ոչ թե ծղրտալով կսպառնան, այլ կաղաչեն հանրությանը ՝ իրենց «քացու տակ» չտալու համար, իսկ որ նման պահվածքի դեպքում այդպիսի հեռանկարը լիովին հավանական է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։
Սուրեն Մուրադյան