Հռոմի ստատուտը երկար փոշոտվելու է իշխանության դարակնեում. Ահաբեկված են ՌԴ արձագանքից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀռոմի ստատուտին, թերևս, բախտ չվիճակվի այդպես էլ վավերացվել Հայաստանի Ազգային ժողովում։
Նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր հայտարարել, թե իրենք լսել են ռուսական կողմի բոլոր դիտողությունները և փորձում են ամեն ինչ անել դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Այն, որ ռուսական կողմի չափազանց կոշտ արձագանքը հարուցելու էր Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների իրական վախը, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում։
Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է հայտարարել, թե Հռոմի ստատուտը արագ վավերացվելու անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի, ավելին, Սիմոնյանն ինքը հայտարարել է, թե դա ոչ դրական քայլ կլինի Ռուսաստանի նկատմամբ և դրա իմաստն ու օգտակար գործողության գործակիցը չի հասկանում։
Ազգային ժողովի նախագահը հաստատում է, որ ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործների դեպքերով Հռոմի ստատուտը Հայաստանի համար անհրաժեշտ գործիք է, միաժամանակ փորձում արդարանալ ռուսական կողմի մոտ՝ հայտարարելով, թե Հայաստանն իրեն պահել է որպես դաշնակից և Ռուսաստանի դաշնության դեմ հատուկ որևէ քայլ երբեք չի արել։
ԱԺ նախագահն աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները. «Մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար»,- ասել է Սիմոնյանը։
Թեև նա փորձել է իր խոսքին խրոխտության որոշակի երանգներ հաղորդել, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հակասականությունն աչք է ծակում, մի կողմից հայտարարելով, թե դա անհրաժեշտ գործիք է, մյուս կողմից էլ նշելով, թե արագ վավերացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչներն, ըստ էության, մատնում են սեփական վախերը, որ չեն կարողանում տարրական մի հարց լուծել, կամ էլ ռուսական կողմին հանգամանալից բացատրել այդ ստատուտի ընդունման անհրաժեշտությունը։
Ցանկացած պարագայում գործ ունենք վախկոտ, սեփական կաշվի համար վախեցող, մորթապաշտ ու տգետ մի իշխանության հետ, որը պատրաստ է ցանկացած սկզբունք ոտնատակ տալ, միայն թե արտաքին ազդեցությունից զերծ մնա։
Լուսինե Մանուկյան