ՌԴ ԱԳՆ-ն՝ ՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին. Ենթադրում ենք, որ ամեն ինչ դաշնակցային կարգով կլուծվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես անհրաժեշտ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Իհարկե, ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ երկուստեք ընդունելի ձեւով»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին, հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
ՍԴ-ի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու հրամանագիր էր տվել։ Նրանք կասկածվում են Ուկրաինայից երեխաների ապօրինի դուրսբերմանն առնչություն ունենալու մեջ։