Բաքվում թեյ էլ կհյուրասիրեն, ռազմավարների պուրակ՝ էքսկուրսիա էլ կհրավիրեն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:
Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման» Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» հարցերը:
Նկատենք, որ առաձին հանդիպումը կայացել էր ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում: Եթե հաջորդ ենթադրյալ հանդիպումը կայանա Բաքվում, ապա դա արդեն կողմի առավելության մասին է խոսելու: Օրինակ՝ ֆուտբոլում, երբ խաղում են սեփական հարկի տակ, ավելի վստահ են:
Ի վերջո, հյուր ընդունողն ավելի ինքնավստահ է, քան հյուրը: Սա մի կողմ թողնենք՝ ի՞նչ տրամաբանությամբ, ինչի՞ շուրջ և որ ամենակարևորն է՝ ո՞վ կամ ովքե՞ր են լինելու բանակցողները:
Հաջիևն ասում է, որ Սոչիում և Պրահայում Փաշինյանը հրաժարվել է Արցախից, իսկ բնակչության հետ կապված հարցերն Ադրբեջանի ներքին խնդիրն է: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ միակ մարդն էր, ով պատասխանեց Հաջիևին և ասաց, որ բնաչության հարցը միայն իրենք չեն որոշում: Սա Փաշինյանի ասած իջեցված նշաձողն է: Նախ Արցախի հարցի նշաձողն այնքան իջավ, որ 90 տոկոս ադրբեջանական լինելու հարցը քննարկվեց, հետո պարզվեց, որ օկուպացված տարածքներ չկան, դա իրենց է, իրենք հետ են վերցրել կամ հետ ենք հանձնել:
Շատ չանցած, որոշվեց, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, այն ինչ 2020թ պատերազմից առաջ բղավում էին, որ հայկական է: Հետո որոշվեց, որ նշաձողն այնքան իջնի, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը դառնա այնտեղ ապրելու իրավունք, իսկ հիմա քննարկում են Արդբեջանի ներքին հարցը լինել-չլինելը: Հենց այսպես էլ բացվում և հմուտ փակվում են Օվերտոնյան պատուհանները:
Արցախի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանն ասում է, թե կա՛մ ինտեգրում, կա՛մ պատերազմ: Հետո էլ ասում է, թե որոշեք, ընտրեք այս երկուսից մեկը: Սրանից հետո, գնում են բանակցության և Բաքվից հանդիպման առաջարկ են ստանում: Կարելի՞ է ենթադրել, որ ինտեգրման տարբերակն արդեն ընտրել են:
Չի բացառավում, որ Ալիևը՝ իրենց կիրթ և կառուցողական ընկերը, Բավքում թեյ էլ հյուրասիրի իրենց: Չէ՞ որ 44-օրյա պատերազմից առաջ Արցախի իշխանությունը հայտարարում էր, որ եթե պատերազմ են ուզում, ապա կստանան և իրենք էլ Բաքվում թեյ կխմեն: Իհարկե, կար ժամանակ, երբ Աննա Հակոբյանն էր թեյի հրավիրում Մեհրիբանին և մուղամ լսելու առաջարկ անում: Հիմա Արցախում Մեհրիբանն էլ կա, մուղամն էլ, միայն Աննա Հակոբյանն է բացակայում: Հոգ չէ, այս անգամ Արցախի ներկայացուցիչները կգնան, մյուս անգամ էլ Աննա Հակոբյանին կհրավիրեն:
Բաքվում Արցախի ներկայացուցիչների համար այց կկազմակերպեն նաև այսպես կոչված ռազմավարների պուրակ, որտեղ 44-օրյա պատերազմի զոհերին անարգող բազում տեսարաններ կան, կգնան զոհված ադրբեջանցիների շիրիմներին ծաղիկներ խոնարհելու, եթե ժամանակ լինի կհասցնեն նաև դավանափոխ լինել, իրենց պատվին օլդու Փաշինյան երգն էլ կմիացնեն և այլն:
Այս ստորացումների աստիճանին հայկական երկու պետություններին հասցրել են հենց այս իշխանությունները, բայց դրանք սեփական արժանապատվության հաշվին հանդուրժում և հանդուրժելու են հայ ժողովուրդը, որի բանակը 30 տարի անպարտելի էր:
Աննա Ավետիսյան