Գևորգ Ալեքսանյան. Արթուրը չի սիրում պարտվել
ՍՊՈՐՏ98կգ քաշային կարգում հադես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հիասթափված է Եվրոպայի առաջնության եզրափակչում կրած պարտության պատճառով, սակայն շուտով կմոռանա դա եւ կշարունակի նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Armtimes.com-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, ով նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում խորհուրդ է տալիս մարզիկներին արագ մոռանալ տեղի ունեցածը եւ շարունակել մարզվել մյուս մրցաշարերում բարձր մակարդակով հանդես գալու համար:
«Արթուրն ընդհանրապես չի սիրում պարտվել, ծանր է տանում պարտությունները, բայց դա պետք է մոռանալ, լծվել աշխատանքի, վերացնել թերությունները եւ ավելի լավ պատրաստված գնալ մյուս մրցումներին: Ես միշտ ասում եմ, որ հաղթելուց եւ շնորհավորանքներ ստանալուց հետո, պետք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին: Նույնը պետք է լինի նաեւ պարտության դեպքում»,-ասաց նա:
Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ Եվրոպայի առաջնությունն իրենց համար նախապատրաստական մրցաշար էր Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ: Հետեւաբար անհրաժեշտ չէր, որպեսզի մրցաշրջանի այս հատվածում Արթուրը լիներ իր մարզավիճակի գագաթնակետում, ինչն էլ պարտության պատճառներից է եղել:
«Մեզ ընդամենը պետք էր մասնակցել մի ուժեղ մրցաշարի, պայքարի բովի միջով անցնել, որպեսզի պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Եվրոպայի առաջնությունն Օիմպիական խաղերի նախապատրաստական փուլի մրցաշար է, եւ ես համարում եմ, որ ամեն ինչ նորմալ է: Եզրափակիչ գոտեմարտի ժամանակ նա մեկ վրիպում թույլ տվեց. լավ չշարժվեց չորեքթաթ վիճակում, եւ մրցակիցը միավորներ վաստակեց, իսկ ընդհանւր առմամբ նա նորմալ է հանդես եկել: Ինչ որ մեզ պետք էր փորձել, ստուգել, մենք արեցինք: Պարզապես Արթուրը միշտ հաղթանակով է վերադարձել, եւ բոլորի մոտ տպավորություն էր, որ անպայման պետք է հաղթող ճանաչվեր: Լավ կլիներ, որ հաղթեր, բայց այդ պահին նա այդքանի էր պատրաստ, այդքանի ելույթ ունեցավ»,-պարզաբանեց Գեւորգ Ալեքսանյանը:
Մասնագետն անդրադարձավ նաեւ եզրափակիչ գոտեմարտի մրցավարությանը: Արթուրի պարտությունից հետո շատերը, այդ թվում 75կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, բարձրաձայնեցին կողմնակալ մրցավարության մասին: Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ այս դեպքում դա եւս դեր խաղացել է, սակայն դա չպետք է արդարացում լինի:
«Մրցավարությունը միշտ այդպիսին է եղել, կա ու այդպիսին էլ կլինի, բայց մարզիկները պետք է այնպես պատրաստվեն, որ մրցավարները չկարողանան խանգարել իրենց: Այս դեպքում Արթուրը ոչ լիարժեք մարզավիճակում էր, եւ մրցավարների մոտ ստացվեց: Ամեն դեպքում ես մրցավարներին չեմ մեղադրում: Միշտ ասել եմ՝ մրցավարները պետք է խանգարեն, որովհետեւ կան հզոր երկրներ, որոնց շահերը նրանք պաշտպանում են, հետեւաբար մարզիկները պետք է դրան պատրաստ լինեն, եւ այնպիսի տակտիկայով գոտեմարտեն, որ մրցավարներին խանգարելու հնարավորություն չտան»,-նշեց նա:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մարտի 8-13-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 0:4 հաշվով պարտվել է ռուս Նիկիտա Մելնիկովին: