Տասնյակ ձերբակալվածներ կոռուպցիոն գործով. Հայաստանում կոռուպցիա կա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սիրում է անընդհատ կրկնել, թե Հայաստանում վերացել են համակարգային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն կոմիտեն թերևս համաձայն չէ Փաշինյանի այս գնահատականի հետ, իսկ երեկ տեղի ունեցած ձերբակալությունները համակարգային կոռուպցիայի բացառիկ դրսևորում են։
Ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ևս մեկ տասնյակ անձինք։
Ըստ իրավապահների հաղորդագրության՝ Գրորգ Սիմոնյանը 2020-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, կորոնավիրուսի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն կլինիկ» ընկերությունը։ Այդ ընկերության հիմնադիր տնօրենի հետ քավոր-սանիկական, նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ուստի և տրիաժ խմբի պատասխանատուներն ու խմբի անդամները կեղծիքներ են իրականացրել և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119 միլիոն դրամ։
Այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում դուրս գրված ահռելի միջոցներից զգալի յուրացումներ են կատարվել, թերևս գաղտնիք չէ Հայաստանում ոչ մեկի համար, ավելին, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այդ կապակցությամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել, որտեղ շրջանառվում են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի, գործող նախարար Անահիտ Ավանեսյանի և այլ անձանց անունները։
Ինքը՝ Գևորգ Սիմոնյանը, ոչ միայն Արսեն Թորոսյանի, այլ նաև Երևանի մեկ այլ փոխքաղաքապետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, հենց Ավինյանն է Գևորգ Սիմոնյանին առողջապահության նախարարությունից տեղափոխել քաղաքապետարան։ Առաջիկայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտնի խորհրդարան՝ Արսեն Թորոսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության միջնորդությամբ։
ՔՊ որոշ աղբյուրներ նշում են, որ Գևորգ Սիմոնյանի ձերբակալությունն ուղղված է ոչ միայն Արսեն Թորոսյանի, այլ նաև Տիգրան Ավինյանի դեմ։ Լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը չափազանց դժգոհ է Ավինյանի՝ վերջին շրջանում ավելացող ազդեցությունից և քարոզարշավից, և ամեն գնով ցանկանում է ազատվել նրանից, իսկ «Քաղաքացիական պայմանագրում» էլ լուրջ դժգոհություններ կան Արսեն Թորոսյանի նկատմամբ, հատկապես, որ վերջինս համարձակվել էր բարձրաձայնել կուսակցության վարչության ընտրություններում տեղի ունեցած խայտառակ ընտրախախտումները։
Լուսինե Սարգսյան