Պապիկյանի հարցում փոշմանել են. ՔՊ-ում դեմ են պաշտպանության նախարարի հրաժարականին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇաբաթներ շարունակ սեփական սպասարկուների միջոցով տիրաժավորելով տեղեկությունը, թե Փաշինյանը պատրաստվում է ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծառայություններից և նրան պատվավոր աքսորի ուղարկել որևէ երկիր դեսպան, երեկ վերջապես նախ վարչապետի աշխատակազմը որոշել է ինքնուրույն «պարզաբանում տարածել» և հերքել մամուլում շրջանառվող լուրերը։
«Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը», ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պարզաբանման մեջ։
Թերևս կարելի է զարմանալ, թե ինչու հենց «պատահաբար» երեկ վարչապետի աշխատակազմը նման տեղեկություն տարածեց։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրում» որոշել են պաշտպանության նախարարի՝ չափազանց կարևոր և առանցքային պաշտոնը չզիջել որևէ մեկին, «սեփական կուսակցության, հատկապես վարչության անդամներին, Փաշինյանն առանձնապես չի վստահում և չի ցանկանում նշանակել պաշտպանության նախարար։ Մեկ-երկուսին նույնիսկ առաջարկել էր, սակայն վերջիններս՝ հասկանալով այդ պաշտոնի չափազանց ռիսկային և վտանգավոր լինելը, հրաժարվել են։
Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվում որ այդ պաշտոնը Փաշինյանը նախատեսում է նշանակել կա՛մ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, կամ էլ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախահահ Անդրանիկ Քոչարյանին։
Թե՛ Աբազյանը և թե՛ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ հնաբնակների համար առանձնապես մերձավոր զինակից չեն համարվում, երկուսի նկատմամբ էլ լուրջ վերապահումներ ունեն և որոշել են շառից, փորձանքից հեռու պաշտպանության նախարարի պաշտոնում առայժմ թողնել Սուրեն Պապիկյանին, նրան խստորեն նախազգուշացնելով, որ կուսակցության շահերի դեմ որևէ գործողության դեպքում այս անգամ արդեն չի ներվի և «պատվավոր» աքսորով չի սահմանափակվի։
Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Աբազյանը և թե՛ Անդրանիկ Քոչարյանը իրենց մերձավորների միջոցով տեղեկություններ էին տարածում, որ հենց իրենք են լինելու պաշտպանության նախարարը, հատկապես Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Փաշինյանի դասընկերոջը նշանակելուց հետո, ՔՊ-ում հասկացել են, որ ևս մեկ ուժային նախարարի պաշտոնից զրկվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կուսակցական կարգապահության, ինչպես նաև կուսակիցների տրամադրության և «դուխի» վրա, ուստի, և այս անգամ, առայժմ Պապիկյանին հաջողվել է իրենից հեռացնել պաշտոնանկութան հավանականությունը։
Կարինե Ադամյան