Ինքնասպանության փորձ կատարածը նախկինում դատապարտվել էր խմբակային բռնաբարության մեղադրանքով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕրերս ինքնասպանության փորձ կատարած Գեւորգ Կոշկերյանը տարիներ առաջ դատապարտվել էր խմբակային բռնաբարության մեղադրանքով:
Ըստ մամուլի հրապարակումների, Կոշկերյանը 17 տարի անցկացրել է կալանավայրում՝ խմբակային բռնաբարության, սպանության մասնակցության համար: Կալանավայրից դուրս գալուց հետո, Կոշկերյանի մտերիմների խոսքով, սկսել էր բարեգործությամբ զբաղվել: Երեւանի բնակչուհի Քրիստինե Մանուկյանի հետ հիմնել էին «Հուսո առագաստ» հասարակական- բարեգործական կազմակերպությունը:
Դեռեւս անցած տարվա նոյեմբերին Քրիստինե Մանուկյանը NEWS.am-ի թղթակցին ասել էր, թե Կոշկերյանն իսկապես նախկինում դատապարտված է եղել, սակայն ոչ նման մեղադրանքով:
«Գեւորգ Կոշկերյանի անձնական կյանքն է: Կարեւորն այն է, որ մարդը կալանավայրից դուրս գալուց հետո սկսել է բարեգործությամբ զբաղվել, բազմաթիվ մարդկանց ենք օգնում տարբեր հարցերով»,- ասել էր ՀԿ-ի գործադիր տնօրեն Քրիստինե Մանուկյանը:
Նշենք, որ «Հուսո առագաստ» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ.-ին, Կոշկերյանի խոսքով, կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնելու համար:
Թե ինչու է նախկին դատապարտյալ, ներկայումս բարեգործությամբ զբաղվող տղամարդն ինքնասպանության փորձ կատարել, դեռեւս հայտնի չէ: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ Կոշկերյանը հունիսի 13-ին ոստիկաններին հայտնել է, որ «Հաղթանակ» զբոսայգում հունիսի 5-ին ինքնասպանության փորձ է կատարել դանակով ձախ նախաբազուկը վնասելու միջոցով:
Հետաքրքիր է, որ Armlur.am-ին Գևորգ Կոշկերյանը նախօրեին պատմել էր, որ թե իրեն ժամադրել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետև ստիպողաբար նստեցրել մեքենա, տարել, մի անծանոթ վայր, ապա ավտոտնակում դաժանաբար խոշտանգել:
Հիշեցնենք, որ Գեւորգ Կոշկերյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում, ունեցել էր ձախ նախաբազկի խորը կտրվածք՝ ինֆեկցված, ճճվակալած վերքերի վնասվածքով: Նա վիրահատվել էր: