Ավետիք Չալաբյանի դեմ իրավական ֆարսը շարունակվում է. «Մացոն» անդրդվելի է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է, և շարունակվում են իրավաբանական և իրավական բոլոր կազուսները, որոնք կապված են ակնհայտ անհեթեթ և անլուրջ գործի հետ։
Երեկ տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Չալաբյանն ու իր փաստաբանները մանրամասն փաստարկել են, որ տխրահռչակ դատավորը անկողմնակալ լինել չի կարող և կանխակալ դիրքորոշում ունի հենց Ավետիք Չալաբյանի նկատմամբ։ «Դուք կանխակալ վերաբերմունք ունեք իմ հանդեպ, թե ինչո՞ւ, ես Ձեր խղճին եմ թողնում», - նշել է Ավետիք Չալաբյանը՝ կրկին պնդելով, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել փնթի կարված այս գործից։
Մարտիրոսյանը, ինչպես և վայել է նրան, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Ի դեպ, երեկ վերջապես դատարան էր ներկայացել գործով վկա Թոռնիկ Ալիյանը։ Հիշեցնենք, որ հենց նրա կեղծ ցուցմունքի հիման վրա էլ Ավետիք Չալաբյանը տևական ժամանակ ազատազրկված էր, այժմ էլ գործը ընթանում է բացառապես Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի և ոչինչ չասող ձայնագրության վրա։
Սակայն Ալիյանը դատաքննության ընթացքում պարզապես լքել է դատարանի դահլիճը՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով թե՛ դատավարության կողմերի և թե՛ նույնիսկ Մնացական Մարտիրոսյանի հանդեպ։ Դատախազը պահանջել է սանկցիա կիրառել Ալիյանի նկատմամբ, սակայն Մանցական Մարտիրոսյանը նույնիսկ այս դեպքում չի հարգել ինքն իրեն, հայտարարել է, թե վկային կծանուցեն հաջորդ նիստին ներկայանալու մասին և միայն այդ ժամանակ չներկայանալու դեպքում, հարկադրված կլինեն նրան ուժով բերման ենթարկել դատարան։
Ըստ Չալաբյանի, Ալիյանը ճողոպրել է՝ գիտակցելով, որ խայտառակ է լինելու դատաքննության ընթացքում։ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ կարված այս գործը և դրա ընթացքը վկայում են, որ Հայաստանում արդարադատությունը վաղուց մահացել է, իսկ գործող իշխանությունները չունեն բավարար իրավական հմտություններ նույնիսկ ամենահասարակ գործը սարքելու իրենց քաղաքական ընդդիմախոսի դեմ։
Լիա Կարապետյան