Փաշինյանի ուղին դեպի բռնապետություն. ԲԴԽ-ն կասեցրեց անկախ դատավորի գործունեությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲարձրագույն դատական խորհուրդը երեկ հրապարակել է իր հերթական որոշումներից մեկը՝ դադարեցնելով դատավոր Զարուհի Նախշքարյանի գործունեությունը դատավորի պաշտոնում։ Ինչպես և սպասելի էր, ԲԴԽ-ն կատարել է գործող իշխանությունների կամքը, Նախշքարյանին մեղադրելով մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի գործով սեփական կարծիք հայտնելու մեջ։
Դատական համակարգում այս որոշումը բավականին լուրջ դժգոհություն է առաջացրել, դատավորները նշում են, թե դեռևս շաբաթներ առաջ Դիլիջանում քննարկում է եղել, որի ընթացքում դատավորներին նախ հորդորել են հնարավորինս քիչ շփվել մամուլի հետ, բայց միաժամանակ նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու դատարաններին վճիռները մեկնաբանելու կամ որևէ այլ հարցերում չափազանց մեծ կաշկանդվածություն չունենալու վերաբերյալ։ Ավելին, սեփական կարծիք ունենալու համար դատավորի արտոնագիրը կասեցնելու մասին ընդհանրապես խոսք չի եղել։Եվ այժմ բազմաթիվ դատավորներ կարծում են, թե Նախշքարյանի գործունեությունը դադարեցնելու որոշումը հարված է ոչ միայն կոնկրետ տվյալ դատավորին, այլ նաև իրենց իրավունքներին։
Չի բացառվում, որ առաջիկայում դատական համակարգը բավականին բուռն բողոքի գործողություններ սկսի ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության։ Միևնույն ժամանակ Փաշինյանին այս հանգամանքը չափազանց քիչ է մտահոգում, ավելին մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Կարեն Անդրեասյանին և նրա նախկին տեղակալ, ներկայումս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին նորանոր միջնորդություններ ներկայացնել ԲԴԽ հնարավոր բոլոր անհնազանդ դատավորներին պատժելու , նրանց գործունեությունը դադարեցնելու կամ էլ նկատողություններով կաշկանդելու համար։ Փաշինյանը դեռ ամբողջությամբ իր ձեռքը չի վերցրել դատական իշխանությունը և այժմ ամեն ինչ անելու է դատարաններն իրենից կախվածության մեջ գցելու համար, ինչը թերևս նրան հաջողվում է՝ հաշվի առնելով, որ բողոքն ընդամենը սահմանափակվում է սոցցանցային գրառումներով և ոչ ավելին։
Հակոբ Ավետիսյան