Կմասնակցի՞ արդյոք Բայդենը ԱՄՆ 2024 թվականի նախագահական ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը` դեռ շատ աշխատանք կա անելու։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC-ին տված հարցազրույցում։
Բայդենի խոսքով՝ ինքը «մտադիր է մասնակցել» հաջորդ նախագահական ընտրություններին։ «Բայց մինչ քարոզարշավը սկսելը` ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ինքը «պատասխանատու է իր խոսքերի համար» նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
80-ամյա դեմոկրատ Բայդենն ասել է, որ իր տարիքը չի համարում գործոն, որը կարող է ազդել ընտրություններին մասնակցելու ծրագրերի վրա։ «Բայց մարդիկ հիմքեր ունեն կասկածի տակ դնելու իմ տարիքը»,- ընդգծել է նա։
2022 թվականի նոյեմբերին հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ ներկայիս նախագահը հայտարարել է նոյեմբերի 9-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար պայքարելու ծրագրերի մասին, սակայն զգուշացրել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն այս տարվա սկզբին։