Այսօր Եվրամիության 100 դիտորդները կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդեն այսօր Եվրամիության 100 դիտորդները կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին և կսկսեն իրենց առաքելությունը։ Հայաստան են ժամանել շուրջ 100 դիտորդներ՝ եվրոպական տարբեր երկրներից։ Այդ կազմում ամենամեծ թիվը ֆրանսիացիներն ու գերմանացիներն են, իսկ բուն առաքելությունը ղեկավարում է ֆրանսիական ոստիկանության սպան։
Մինչ վերջին օրը Ռուսաստանը իր դժգոհությունն էր արտահայտում եվրոպական դիտորդների ներգրավվման կապակցությամբ՝ նշելով, որ դա չի բխում հայ-ռուսական համագործակցության ոգուց, սակայն փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է՝ եվրոպական դիտորդներին Հայաստանի տարածք ներգրավելու։
Նշենք, որ այս հանգամանքը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ Թեպետ Ռուսաստանի Պետդումայի հայամետ պատգամավոր ՝ Փաշինյանի իշխանության որոշմամբ հայկական «սև ցուցակում» հայտնված Կոստանտին Զատուլինը նշում է, որ դիտորդները Հայաստանում տեղակայվում են, քանի որ ռուսական կողմը չի կատարել իր պարտականությունները, այդուհանդերձ հայկական կողմը այս հարցում ամեն կերպ դեմ է գնացել Ռուսաստանին՝ չհարգելով իր գլխավոր ռազմավարական դաշնակցի շահերը։
Որքան էլ ռուսական կողմը փորձել է համոզել, որ Հայաստանը եվրոպացի դիտորդներ չտեղակայի, փաշինյանական իշխանությունն ամեն ինչ արել է հակառակ ուղղությամբ։ Ուստի և առաջիկայում չի բացառվում, որ որոշակի լուրջ խնդիրներ առաջանան ընդհուպ մինչև գազի մատակարարումների խախտումներ։ Նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնեց, թե իբր Ռուսաստանի տարածքում գազի խողովակների խցանման հետևանքով գազամատակարարման մեջ որոշակի խնդիրներ են առաջացել և որոշ գազալցակայաններ դադարեցնելու են իրենց աշխատանքը։ Ամենայն հավանականությամբ այդ «խափանումը» հենց առաջին նախազգուշացումն էր գործող իշխանություններին, ինչը թերևս կարող է ավելի խորանալ։
Աննա Մուսայելյան