Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում․ Hürriyet
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում փորձագետների կողմից կանխատեսվող երկրաշարժը սոցիալ-տնտեսական ահռելի հետևանքների կհանգեցնի, մարդկային կորուստները շատ ավելին կլինեն, քան Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի ժամանակ, ուրբաթ գրում է Hürriyet թերթը։
Թուրքիայի մի շարք սեյսմոլոգներ վերջերս Ստամբուլում ավերիչ երկրաշարժ են կանխատեսել։ Գիտնականները նշում են, որ մեգապոլիսը գտնվում է Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի միացման տեղում՝ Հյուսիս Անատոլիական խզվածքից 15-20 կմ հարավ՝ անցնելով Մարմարա ծովի հատակով, ինչն էլ սեյսմիկ վտանգի ցուցիչ է։
«Փորձագետների կարծիքով՝ Ստամբուլում սպասվող երկրաշարժը կգերազանցի Քահրամանմարաշի մեր կորուստները՝ իր պատճառած ավերածությունների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հետևանքների առումով։ Այսինքն՝ Քահրամանմարաշի երկրաշարժը գրեթե Ստամբուլի երկրաշարժի փորձն էր»,- գրում է թերթը։
Հաղորդվում է, որ Ստամբուլն ունի 1,164,000 շենք և 4,5 միլիոն բնակարան, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3,3 մարդ է բնակվում: 7,5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում ակնկալվում է 13492 շինությունների լուրջ վնաս, 39325 մեծ վնաս, 136746 շինությունների չափավոր վնաս և 300963 շինությունների փոքր վնաս:
Hürriyet-ը նշում է նաև, որ Ստամբուլում 255 000 շենք-շինություններ կառուցվել են մինչև 1980 թվականը, 1980-2000 թվականների ընթացքում կառուցվել են ևս 538 000-ը, իսկ 2000 թվականից հետո՝ 376 000-ը, ինչը նշանակում է, որ շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը, սակայն այն փաստը, որ շենքերի 30 տոկոսը նոր է կառուցվել, չի երաշխավորում, որ դրանք սեյսմիկ առումով անվտանգ են, քանի որ 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամբողջովին փլուզվել են ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված նորակառույց բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն էին համարվում։