«Փորձագետը ենթադրել է, որ Հայաստանի իշխանություններից ոմանց անհրաժեշտ է Ղարաբաղի շրջափակումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru-ն գրում է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոնկրետ քայլերի բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ Հայաստանի կառավարությունից ինչ-որ մեկին անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ շրջափակումը: Այդ մասին Rossaprimavera.ru-ին տված հարցազրույցում ասել է մեդիա փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Քոչարյանը:
Չնայած Հայաստանի լուրջ թուլացմանը այն դեռևս ունի զինանոց, որը կարող է օգտագործվել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար, ասել է փորձագետը։ Սակայն ռազմական, ռազմաքաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր մեթոդների նույնիսկ 20 տոկոսը չի կիրառվում, նշել է նա։
«Կարծես թե Հայաստանի ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր շահագրգռված են Արցախի երկարաժամկետ շրջափակմամբ, քանի որ դա կարող է հանգեցնել նրան, որ երբ շրջափակումը ժամանակավորապես վերացվի, Արցախից լինի այնպիսի մարդկանց արտահոսք, որոնք այլևս չեն ցանկանում այդ վիճակում լինել»,- ասել է Քոչարյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի ռուս խաղաղապահների հեռանալուն, որից հետո պահանջ կդրվի Հայաստանից դուրս բերել և՛ ռուսական ռազմաբազան, և՛ սահմանապահներին։
«Եվ Հայաստանում Ռուսաստանի գործոնը կզրոյացվի։ Հենց դրան է փորձում հասնել Արևմուտքը։ Ի դեպ, 2018 թվականին Փաշինյանին այցի ժամանակ այդ ծրագիրը ներկայացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը»,- հիշեցրել է փորձագետը։
Այս պլանը ներառում է հայերի հրաժարվելը իրենց պատմական կարծրատիպերից, Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից, ինչպես նաև երթուղիների արգելափակումը հենց Իրանի քթի տակ, պարզաբանել է Քոչարյանը։
«Արցախի հայ բնակչությանը ահաբեկչության են ենթարկում իր պատմական տարածքները լքելու և Արցախը որպես ադրբեջանական տարածք ճանաչելու նպատակով, ինչին Փաշինյանը գործնականում համաձայնվել է Պրահայում Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Հենց դրան է տանում Արևմուտքը: Դրանք են այն նպատակները, որոնք դրված են Հայաստանի իշխանության մեջ գտնվող Արևմուտքի խամաճիկների վրա»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը