ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի մեղադրանքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ցանկացած ակնարկ, թե ԱՄՆ կառավարությունը ներգրավված է կամ աջակցում է Թուրքիայում տարաձայնություն սերմանելու ջանքերին, իրականությանը չի համապատասխանում»: Այս մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից՝ պատասխանելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի՝ ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
Սոյլուի հայտարարության վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի թուրք թղթակցի հարցին գրավոր պատասխանելով` Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկարամյա և կարևոր դաշնակից է և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի գործընկերը:
«Ցանկացած ակնարկ, թե ԱՄՆ կառավարությունը ներգրավված է կամ աջակցում է Թուրքիայի հանգիստը խաթարելու ջանքերին, սուտ է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկարամյա ու գնահատված դաշնակիցն է և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի գործընկերը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը ավելի բարձր առաջնահերթություն չունի, քան արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Օտարերկրյա ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները ահազանգեր են տալիս՝ ԱՄՆ քաղաքացիներին իրական ժամանակում տեղեկացնելու տարածաշրջանում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների և փոփոխությունների մասին: Սա արվում է՝ անկախ երկկողմ քաղաքական կամ տնտեսական նկատառումներից»,- ասել է նա։