Ինչո՞ւ է ազատվել Շիրակի մարզպետը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ աշխատանքից ազատվելու հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սոցցանցերում նա հայտարարություն է տարածել և ոչ ավել, ոչ պակաս գրել, թե իր աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետն ընդսմին, անհեթեթ և իրականությունից կտրված հայտարարություն է արել՝ փորձելով մեղմել իրեն աշխատանքից հարկադիր հեռացնելու արձագանքները։
Տևական ժամանակ Շիրակի մարզում լուրջ խնդիրներ են եղել, լուրջ ձախողումներ, որոնց համար էլ բազմիցս նկատողություն է ստացել Նազելի Բաղդասարյանը։ Նրան, սակայն, հեռացրել են ոչ թե իր ձախողումների, այլ բոլորովին այլ վարքագծի համար։
Ի դեպ, ինչպես ԱԺ խմբակցության քարտուղարի պաշտոնից Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզ տեղափոխելը բուռն ուրախություն էր առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների շրջանում, այնպես էլ մարզպետի պաշտոնից նրա հեռացումը լուրջ ուրախացրել է մարզպետարանի և Գյումրիի այլ պաշտոնյաներին։
Բաղդասարյանը հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի համար խոսք տանող-բերող, ընդսմին մի շարք դեպքերում նույնիսկ տարբեր մարդկանց խոսակցություններն է ձայնագրել և ներկայացրել Փաշինյանին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իր այդ վարքագծի պատճառով Բաղդասարյանի հետ կուսակիցները գրեթե աշխատել են չշփվել, կամ էլ նրա մոտ լուրջ դժգոհություններ չհայտնել տարբեր իշխանավորների հասցեին։
Իսկ ընթերցողը կհարցնի, թե ինչո՞ւ է նման կարկառուն կադրին Փաշինյանը հեռացնում պաշտոնից։
Մեր աղբյուրը հայտնեց, թե վերջին շրջանում Բաղդասարյանը դարձել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մերձավոր զինակիցը և աշխատել է հենց Պապիկյանի համար։
Ի դեպ, «Քաղպայմանագրում» լուրեր են շրջանառվում, թե Բաղդասարյանին «քաշել է» հենց ինքը՝ Պապիկյանը՝ մի շարք տեղեկություններ հայտնելով Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Շիրակի մարզպետին էլ կանչել և պարտադրել են դիմում գրել՝ թերևս խոստանալով առաջիկայում ավելի ցածր պաշտոնի նշանակել։
Նարե Ադամյան