Պապիկյանին չեն պատժի, բայց կդաստիարակեն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳործող իշխանությունները բացարձակապես մտադրություն չունեն պատժելու Սուրեն Պապիկյանին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության համար։
Այդուհանդերձ, փաշինյանական վարչախմբի ներքին հակասությունները շարունակվում են, իսկ ողբերգությունը, որքան էլ ցավալի է ասել, այս դեպքում աշխատել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
Բազմիցս նշել ենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մի շարք կլաններ կան, որոնք միմյանց հետ պայքարում են ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու, հնարավորության դեպքում Նիկոլ Փաշինյանին փոխարինելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները դրա վառ օրինակն էին, երբ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանին հաջողվեց իր մի շարք մտերիմների անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն։
Թերևս հենց դրանով էր պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը ձևավորված Ներքին գործերի «սուպեր» նախարարության ղեկավարի պաշտոնում ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի նշանակեց, այլ իր մանկության ընկերոջը՝ ոստիկանապետ վահե Ղազարյանին, ով քաղաքական որևէ հենարան չունի իշխանության մեջ և ստիպված է լինելու ապավինել և ենթարկվել ամբողջությամբ միայն Նիկոլ Փաշինայանի կամքին։
Ըստ էության, տևական ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանը մտադիր է նաև թուլացնել և հեռացնել Սուրեն Պապիկյանին, սակայն ողբերգությունից հետո, ընդհակառակը, որոշել է պահել նրան Պաշտպանության նախարարի պաշտոնում, քանի որ Պապիկյանի դիրքերը առավել քան թուլացել են և նա ինքն էլ այժմ մնացել է լիակատար կախվածության մեջ Փաշինյանից։
Մի կողմից վարչախմբի տրամադրության տակ գտնվող բլոգերներն ու իբր անկախ ԶԼՄ-ները շրջանառում են Պապիկյանին հեռացնելու անհրաժեշտությունը, մյուս կողմից Փաշինյանն ինքն է պահում Պապիկյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում, սակայն զգալիորեն նվազեցրել է նրա լիազորությունները և այժմ Պապիկյանը Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնում է բացառապես միայն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով։
Իհարկե, Փաշինյանը կարող էր շատ հանգիստ ազատվել Պապիկյանից՝ նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակելով, այդ դեպքում, սակայն, նոր նշանակվող նախարարը կունենար մանևրելու ավելի մեծ հնարավորություններ, ինչ որ պահի կկարողանար դուրս գալ Փաշինյանի վերահսկողությունից, իսկ այս դեպքում Պապիկյանը վերագտել է իրեն, կրկին դարձել Նիկոլ Փաշինյանի խամաճիկը։
Սերինե Բադալյան