Թուրքիան պատրաստվում է տնտեսական էքսպանսիայի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ հանրությունը կրկին Թուրքիայից է իմանում իր ճակատագրին վերաբերող կարևոր տեղեկությունների մասին։
Թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքը երեկ հայտնել է, թե Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։
«Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում վերացվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, որը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք արտահանողների ասոցացիային»,- հայտնել է հեռուստաալիքը։
Այս տեղեկության տարածումից հետո միայն Հայաստանի ԱԳՆ-ն բարեհաճել է ծանուցել, որ թուրքական կողմը իրենց տեղեկացրել է արգելքի վերացման մասին։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր։ Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի,- նշել է խոսնակը։
Թուրքական իշխանությունը տևական ժամանակ պատրաստվում է տնտեսական էքսպանսիայի Հայաստանի դեմ։ Բնականաբար երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը նշանակում է, որ կարճ ժամանակ հետո նաև կարող են արդեն սահմանը հատել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն 2 անցակետերի վերագործարկում, ինչպես նաև երկաթուղու վերագործարկում։
Երեսնամյա շրջափակման հետևանքով անցակետերը գտնվում են անմխիթար վիճակում և լուրջ վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչն էլ արվելու է անմիջապես եղանակային պայմանները թույլ տալուն պես։ Բնականաբար Թուրքիան իր էժան ապրանքները Հայաստան ներկրելով, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ անելու հնարավորություն ստանալով՝ լրջորեն հարվածելու է հայկական տնտեսությանը և հայ գործարարներին։
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Հայաստանի իշխանությունները որևէ տնտեսական հաշվարկ կամ փաստարկ չեն ներկայացրել, թե ինչպես են պաշտպանելու Հայաստանի տնտեսության և հայ գործարարների շահերը։ Փոխարենը, ամեն ինչ անում են թուրքական կողմի պահանջները բավարարելու ուղղությամբ։
Մանե Մսրյան