Փաշինյանն ու յուրայինները հավաքվել էին Ջերմուկում. Հանդիպումն այնքան էր հարթ չի անցել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՋերմուկում նախօրեին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր։
Քաղաքական ժողովի կազմում ընդգրկված են Քաղպայմանագրի վարչության անդամները, Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ՔՊ-ական ղեկավարներ։
Մեր տեղեկություններով՝ հավաքն այնքան էլ հարթ չի ընթացել, և առաջին հերթին քննարկվել է Լաչինում ստեղծված իրավիճակը։ Փաշինյանը այդպես էլ չի կարողացել իր կուսակիցներին հոդաբաշխ բացատրություններ տալ, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը Լաչինում իրավիճակը կարգավորելու, արցախցիների կյանքի ճանապարհը բացելու համար և շատ արագ կանխել է հարցերի տարածումն այս ուղղությամբ։
Քննարկվել է նաև Քաղպայմանագրում ստեղծված իրավիճակը, ինչպես և սպասելի էր հարցը բարձրացվել է վարչության ընտրությունների կեղծիքների հետ կապված։ Այս հարցում ևս Փաշինյանը որևէ լուրջ բացատրություն չի տվել, միաժամանակ նշել, թե որոշ պատասխանատուներ պատժվելու են վարչության ընտրության ընթացքում կատարած խախտումների համար։
Նշել է նաև, որ առաջիկայում վերադասավորումները ՔՊ-ում և իշխանության մեջ շարունակվելու են, մի քանիսը աշխատանքի իջեցում կունենան, կամ կհեռացվեն ընդհանրապես։ Խոսել են նաև Ներքին գործերի նախարարության ստեղծումից։ Փաթեթը, հիշեցնենք, օրեր առաջ ամբողջությամբ ընդունվել էր և այժմ նախագահի կողմից վավերացվելուց հետո, Ներքին գործերի նախարարությունը կձևավորվի։ Այս անգամ էլ Փաշինյանը զերծ է մնացել որևէ անուն նշելուց, թե ում է պատկերացնում Ներքին գործերի նախարարի պաշտոնում։
Լուիզա Ավետիսյան