Եվրահանձնաժողովի ղեկավարն Ադրբեջանին «հուսալի գործընկեր» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ կանաչ էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ հերթական անգամ հանդես է եկել ելույթով, որի ժամանակ հիշատակել է իր «հուսալի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանին։
«Այս համաձայնագիրը Եվրամիությանը կմոտեցնի Հարավային Կովկասի տարածաշրջանում մեր գործընկերոջը եւ կօգնի մեր տարածաշրջաններին անցում կատարել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի: Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից սկսած՝ մենք որոշել ենք երես թեքել ռուսական հանածո վառելիքից եւ դիվերսիֆիկացվել դեպի հուսալի էներգետիկ գործընկերներ, ինչպիսիք են այստեղ ներկա մեր գործընկերները»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նկատի ունենալով համաձայնագիրը կնքած երկրներին։
Նա ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծրագրին՝ մինչեւ տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներ ստանալը։
«Էներգիայի վերականգնվող աղբյուրների աճող մասնաբաժինը ինտեգրելու համար մեզ իսկապես անհրաժեշտ են ավելի ամուր էլեկտրական միացումներ: Հենց այդ պատճառով այդքան կարեւոր է Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սեւծովյան էներգետիկ մալուխը»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով՝ սեւծովյան մալուխը կարող է Վրաստանը վերածել էլեկտրաէներգիայի կենտրոնի եւ ինտեգրել նրան ԵՄ ներքին էլեկտրաէներգիայի շուկայում, ինչպես նաեւ օգնել սկսել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնումը եւ աջակցել երկրի վերակառուցմանը։