Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը տարատեսակ կասկածներ է հարուցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ բավականին ուշագրավ հանդիպումներ է ունեցել, որոնք հետաքրքիր եզրահանգումների տեղիք են տալիս։ Փաշինյանը, մասնավորապես, ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության «MI6-ի» ղեկավար Ռիչարդ Մուրին։
Կառավարության լրատվական ծառայությունը հայտնել է, թե զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների, որևէ այլ մանրամասն Փաշինյանի կառավարությունը չի ներկայացրել։ Ուշագրավն այստեղ այցելուի անձն է և ներկայացվող երկիրը։ Մուրը նաև հայտնի է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական մտերմությամբ։
Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան զգալի հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում՝ կապված առաջին հերթին ադրբեջանական էներգակիրների հետ, և նման բարձր մակարդակի պաշտոնիայի այցը Հայաստան վկայում է, որ անգլոսաքսոնական աշխարհը փորձում է անմիջականորեն մուտք գործել տարածաշրջան՝ այդ թվում նաև Հայաստան, հասկանալ, թե ինչ է կատարվում։
Շատ քաղաքագետներ էլ նշում են, թե Նիկոլ Փաշինյանն այս կերպ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր գործողություններն է փորձում իրականացնել, կամ էլ՝ առավելագույնը անվտանգության երաշխիքներ ստանալով իր և իր ընտանիքի համար։ Իհարկե ֆորսմաժորային իրավիճակում Փաշինյանը դեմ չի լինի փախչել, եթե ապահովվի նրա և նրա ընտանիքի անվտանգությունը, ուստի և բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցը կարելի է մեկնաբանել ցանկացած ելևէջներով։
Ի դեպ, Փաշինյանը երեկ ընդունել է նաև Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին։
Քննարկել են Հայաստան-Եվրամիություն, Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի Բնավ չցանկանալով ահաբեկել մեր ընթերցողներին՝ ամեն դեպքում փաստենք, որ այս երկու պաշտոնյաների այցը՝ այն էլ այս օրերին Հայաստան, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ցանկացած գիտակից մարդու։
Մանե Ավագյան