Էրդողանը սրում է իրավիճակը և հետապնդում մրցակիցներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սրում է իրավիճակը Թուրքիայում, որպեսզի կարողանա քաոս ստեղծել և այդ ֆոնին հաղթանակ տանել նախագահական ընտրություներում։
Երեկ Թուրքական դատարանը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման, իբր կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Քաղաքական գործիչն ավելի վաղ կոչ էր արել Ստամբուլի բնակիչներին հավաքվել Կենտրոնական հրապարակում և բողոքի իրենց ձայնը բարձրացնել։
Իմամօղլուն, որը համարվում է Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դեմքերից մեկը, առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդներից մեկը կարող է լինել, եթե այդ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չառաջադրի իր թեկնածությունը։ Անկախ ամեն ինչից Իմամողլուի թեկնածությունը չափազանց լուրջ է համարվում։ Ժամանակին նա խայտառակ պարտության է մատնել Էրդողանի կուսակիցներին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, իսկ ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո կրկնակի ընտրություններով շատ ավելի լուրջ քվեներ է հավաքել։
Ուստի և Էրդողանը չի կարող թույլ տալ, որ այսպիսի քաղաքական գործիչը լուրջ ազդեցություն ունենա ընտրություններից առաջ։ Ընդդիմադիր հիմնական 6 քաղաքական ուժերը այս օրերին բանակցությունների մեջ են՝ որոշելով, թե ում պետք է առաջադրեն որպես Էրդողանի հիմնական հակառակորդ։
Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի հենց ժողովրդահանրապետական կուսակցությունից, Աթաթուրքի ստեղծած կուսակցությունը երկար տասնամյակներ իշխանության է եղել Թուրքիայում և միայն Էրդողանն է կարողացել նրան լուրջ պարտության մատնել։ Այժմ, ժողովրդահանրապետական կուսակցությունը ցանկանում է ռևանշ վերցնել, հատկապես հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված սոցիալական և տնտեսական խայտառակ ծանր վիճակը, ռևանշը լիովին իրատեսական է թվում։
Ընտրությունների պարտության դեպքում Էրդողանը լրջագույն խնդիրներ է ունենալու, ընդհուպ ընդդիմությունը խոստացել է քրեական գործ հարուցել և կալանավորել Էրդողանին՝ հովանավորչության, կոռուպցիայի և բազմաթիվ այլ մեղադրանքներով և գործող նախագահի համար ընտրություններում հաղթանակ տանելը ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական անվտանգության հարցի է վերածվել։
Ուստի և վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայի նախագահն ամեն ինչ կանի իր բոլոր հիմնական ընդդիմադիր հակառակորդներին արանքից հեռացնելու, Թուրքիայում իրավիճակը սրելու և իշխանությունը հերթական անգամ զավթելու համար։
Աննա Նադոյան