«Քաղաքացիական պայմանագրում» նոր սկանդալ է հասունանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նոր սկանդալ է հասունանում։ Իսրայելական «Պեգասուս» գաղտնալսող ծրագրի մասին հայտնի է արդեն տևական ժամանակ։ Հայտնի է նաև, որ հակերային այդ ծրագիրը օգտագործում են միայն պետական մարմինները՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին և այլ հայտնի անձանց գաղտնալսելու համար տարբեր երկրներում։
Իսրայելական ընկերությունը մասնավոր կամ հանցավոր այլ կառույցների չի տրամադրում հնարավորություն գաղտնալսման, և միայն պետական հատուկ ծառայությունները կարող են օգտագործել «Պեգասուսը»։ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տեղեկությունները, որ քաղաքական հայտնի շատ գործիչների նաև լրագրողների Հայաստանում գաղտնալսել են։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես ծանր են տարել այդ հանգամանքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, որտեղ շատերը վստահ են, որ իրենց կուսակցական ղեկավարությունը գաղտնալսում է իրենց, ընդ որում շատերը այդ գաղտնալսումներից հետո կորցնում են աշխատանքը, կամ էլ, եթե նախկինում բավականին լուրջ և սերտ հարաբերություններ ունեին իշխանական վերնախավի հետ, ապա շատ արագ կորցնում են նրանց բարեհաճությունը և խնդիրների են բախվում։
ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ արդեն մեկ տասնյակից ավել քպ-ականներ ստացել են համապատասխան տեղեկացումներ «Apple» կորպորացիայից, որ իրենց հեռախոսները գաղտնալսվել են և այժմ փորձում են համակարգել իրենց ջանքերը և իշխանություններից պատասխան պահանջել, թե ինչու՞ է սեփական կուսակցությունը լսում իր պաշտոնյաներին ու պատգամավորներին։
Իհարկե, փաշինյանական վարչախումբը գաղտնալսում է ոչ միայն սեփական կուսակիցներին, այլ նաև քաղաքական ընդդիմախոսներից շատերին։ Մինչդեռ ՔՊ-ում վստահ են, որ գաղտնալսված անձանց մեծ մասը ոչ թե ընդդիամադիրներ են, այլ հենց իշխանության ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանն ավելի քիչ վստահում է սեփական կուսակիցներին, քան անգամ ընդդիմությանը։
Մանե Մսրյան