Տխրահռչակ Մացոն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր․ Փաշինյանական իշխանության քայլը ցնցել է անգամ կողմնակիցներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական իշխանության վերջին որոշումը ցնցել է նույնիսկ ամենամոլեռանդ կողմնակիցներին։ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկելու համար հարցազրույց է անցկացրել և մասնակցող երկու թեկնածուներից ընտրվել է մեկը։ Մնացական Մարտիրոսյանի օգտին քվեարկել են ԲԴԽ 6 անդամներ, դեմ՝ 3 անդամներ։
Մնացական Մարտիրոսյանը հայկական «արդարադատության» ամենատխրահռչակ դեմքերից մեկն է, և այս արձանագրումը ժամանակին արել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական դատաքննությունների մեծ մասը հենց նա է իրականացրել և ընդ որում ոչ միայն փաշինյանական իշխանության օրոք, այլ նաև նախկին իշխանությունների՝ տասնամյակներ շարունակ։ Ժամանակին նույնիսկ Մարտիրոսյանը մարտի 1-ից հետո տևական ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին։
Մնացական Մարտիրոսյանից տուժած քաղաքական գործիչների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գագիկ Ծառուկյանը, Աղվան Հովսեփյանը, Արմեն Գրիգորյանը։ Եվ տասնամյակներ շարունակ նույն Փաշինյանի կողմից քննադատության ենթարկված Մարտիրոսյանը, որին մեղադրում էին իշխանությունների բոլոր ապօրինի հրահանգները անտրտունջ կատարելու մեջ, այսօր էլ նույն ոգևորությամբ դատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հակառակորդներին։
Եվ այժմ նրան ավելի առաջ են քաշում՝ առաջին ատյանի դատարանից տեղափոխելով հակակոռուպցիոն դատարան ՝ քննելու քրեական գործերը։ Ըստ էության այս նշանակումով փաշինյանական իշխանությունը ևս մեկ խամաճիկի է գործուղում կարևորագույն մի ատյան, որտեղ էլ հենց քննվելու են ամենաաղմկոտ քաղաքական դատավարությունները ընդդիմախոսների դեմ։
Մնացական Մարտիրոսյանի նշանակումը հարուցել է գրեթե բոլոր իրավապաշտպանների զայրույթը, ովքեր տարիներ շարունակ աջակցել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, թե Մնացական Մարտիրոսյանը միակ մարդն է, ում բարեվարքության մասին թե՛ կազմակերպության ներկայացղուցիչը, թե՛ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն։
Նույնիսկ միջազգային փորձագետն էր բացասական գնահատել դատավորի թեկնածությունը։ «Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն իրականացնի, ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին»,- նշել է Իոաննիսյանը ՝ խոստանալով, որ ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում են գործընկեր կազմակերպությունների հետ։
Իհարկե բոլոր այս զայրալից հայտարարությունները գրոշի արժեք չունեն Նիկոլ Փաշինյանի համար։ Իշխանության գալով ժողովրդավարության, վեթթինգի,արդարադատության այլ համակարգերը բարեփոխելու խոստումներով՝ Փաշինյանն ու իր կողմնակիցները շատ արագ ընդօրինակել և գերազանցել են իրենց բոլոր նախորդներին։
Լինա Արամյան