Ոչ մի հանդիպում՝ առանց նրա. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում:
Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել:
Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաեւ պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարեւոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին:
Իհարկե, անհասկանալի է, թե այդ երբվանից կամ պաշտոնական ինչ արարողակարգով է Հարությունյանի օգնականը պարտադիր մասնակցում բոլոր հանդիպումներին, բայց կառավարական կաբինետի մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն կարգավիճակով Պողոսյանը նաեւ արտասահմանյան գործուղումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներին է ներկա գտնվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Պողոսյանը Արայիկ Հարությունյանի վարորդն է եղել վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ:
Առավել քան տարակուսելի է, թե վարորդից օգնական դարձած Պողոսյանը ինչ հարցերում է կարողանալու օգնել Հարությունյանին, եւ որն է պատճառը, որ նա Հարությունյանի հետ ու նրա կողքին պարտադիր պետք է ներկա լինի բոլոր հանդիպումների, այցերի, գործուղումների ժամանակ»: