Էրդողանն ահաբեկչությունն օգտագործում է ընդդիմախոսներին շարքից հանելու համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայում ահաբեկչական հարձակման զոհերի թիվն հասել է 6-ի, վիրավորներն անցել են 8 տասնյակը։ Տակավին նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը գրեթե «բացահայտվել է»։ Թուրքական իշխանությունները ձերբակալել են քրդական բանվորական կուսակցության մի կին անդամի, որն իբր անօրինական կարգով է ժամանել Ստամբուլ և իրականացրել ահաբեկչությունը։ Ձերբակալվել են նաև 46 այլ անձինք, որոնք քննության տվյալներով կապված են քրդական շրջանակների հետ։
Վերլուծաբաները նշում են, որ այս ահաբեկչությունն իսկական նվեր էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վարկանիշի շեշտակի անկման, ինչպես նաև Թուրքիայում տնտեսական լուրջ խնդիրների պայմաններում Էրդողանին օդ ու ջրի պես հարկավոր էր նման մի ահաբեկչություն, որի բացահայտումը ոչ միայն փորձի լրացնել իր սասանված վարկանիշի փշուրները, այլ նաև կարողանա դա օգտագործել իր ընդդիմախոսների դեմ։
Առաջին և գլխավոր ընդդիմախոսը, որի դեմ Էրդողանը առաջիկայում արշավ է սկսելու, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է։ Նա կարող է դառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցներից մեկը հաջորդ ընտրություններում։ Երկու տարի առաջ Իմամօղլուին հաջողվել էր հաղթել Էրդողանի կուսակցին Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ձայների աննշան առավելությամբ։ Իշխանություններն այս արդյունքի հետ չէին հաշտվել, նոր ընտրություններ էին անցկացրել, որտեղ կրկին հաղթել էր ընդդիմադիր գործիչը՝ այս անգամ ավելի շատ քվե ստանալով։
Եվ նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայի գործող նախագահը մտավախություն ունի, որ Իմամօղլուն միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միավորվելով, կկարողանա տապալել իրեն, ուստիև փորձելու է ամեն ինչ անել, Իմամօղլուիին շարքից հանելու համար։
Այս կերպ Էրդողանը փորձում է մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, նաև թեժացնելով իրավիճակը՝ թուրքական հանրությանը համոզել, որ հենց ինքն է այն միակ թեկնծուն, որին անհրաժեշտ է քվե տալ։ Տարօրինակն այն է, որ ահաբեկչությունից հաշված ժամեր անց ռուսական որոշ շրջանակներ, որոնք ըստ նույն փորձագետների՝ կապված են թուրքական և ադրբեջանական իշխանությունների հետ, սկսեցին տեղեկություններ տարածել, թե ահաբեկչության մեջ ներգրավված է հայկական «ԱՍԱԼԱ»-ն, սակայն շատ արագ էլ հասկացան, որ նման պնդումները անհեթեթություն է, և ահաբեկչության սլաքներն ուղղեցին քրդական «Բանվորական կուսակցության» դեմ։
Առաջիկայում հնարավոր են սրացումներ ոչ միայն քրդերի դեմ, այլ նաև Սիրիայում, չի բացառվում նաև Հարավային Կովկասում։ Էրդողանին հարկավոր է ամեն գնով վերատիրանալ նախագահի պաշտոնին և նա չի խորշելու նոր ռազմական «ավանտյուրաներ» իրականացնել։
Մանե Իսրայելյան