Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ քայլեր է պահանջում. Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար։
«Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին, ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը: Այժմ ժամանակն է խոսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում»,- ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, թե «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ քայլեր է պահանջում»:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկուշաբթի օրը Սոչիում եռակողմ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև կարող են փաստաթուղթ ընդունել, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։ Եռակողմ գագաթնաժողովից առաջ Պուտինը երկկողմ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ։