Հայաստանի ծաղկավաճառները կմեծացնեն մեխակների և հերբերաների արտահանումը Ռուսաստան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMir24.tv-ն գրում է, որ շուտով Հայաստանից վարդեր կհայտնվեն Ռուսաստանի ծաղկի խանութներում։ Այս տարի ֆերմերները նախատեսում են ավելացնել մեխակների և հերբերաների արտահանումը։ МИР 24 հեռուստաալիքի թղթակից Լիանա Ազոյանն այցելել է ծաղկի ֆերմաներից մեկը։
Ջերմոցում կա հերբերաների մոտ 30 տեսակ՝ վարդագույն, դեղին, դեղձագույն։ Դրա մեծ մասն արտահանվում է Ռուսաստան։ Աշխատակիցներն ընտրում են լավագույն ծաղիկները՝ 13 սանտիմետր կամ ավելի տրամագծով: Հակասթրես-վիտամիններն օգնում են նրանց մեծանալ: «Բույսերը կարող են սթրեսի ենթարկվել եղանակային փոփոխությունների, ջրի որակի, ոչ պատշաճ ծաղկահավաքի պատճառով: Ձեռքով ենք հավաքում, մկրատ պետք չէ, քանի որ հերբերաները շատ հեշտ են կոտրվում»,- պարզաբանել է ջերմոցի աշխատակից Կարինե Մովսիսյանը։ Այս հերբերաները Ռուսաստանում գնվում են ավելի քան հինգ տարի: Առաքումները կազմակերպվում են Կրասնոդար, Օմսկ և Ստավրոպոլ: Այս տարի ծաղկի շուկան կհամալրվի Հայաստանից հոլանդական վարդերով։ Նրանց համար կառուցվել են հատուկ ջերմոցներ։
Մինչև ցուցափեղկ հասնելը, սածիլները երկար ճանապարհ են անցնում: Վարդերի համար օդի իդեալական ջերմաստիճանը պլյուս 22 աստիճանն է, խոնավությունը 60%: Ծաղիկներն աճեցվում են հատուկ խորանարդի մեջ, ներսում քարաբամբակ է։ Այս մեթոդը նվազեցնում է բույսերի հողային հիվանդություններով վարակվելու վտանգը։ Կան նաև այլ գաղտնիքներ: «Վարդերը շատ նուրբ ծաղիկներ են և հատուկ խնամքի կարիք ունեն։ Մեր ջերմոցը ծածկված է թափանցիկ պոլիկարբոնատի թիթեղներով, որը չի վախենում ցրտից, արևից, քամուց և հարվածներից։ Ունի օդափոխության, ոռոգման և կլիմայի կառավարման ավտոմատացված համակարգ։ Երկու ամիս առաջ ենք տնկել սածիլները, հույս ունենք, որ մինչև ամսվա վերջ կսկսենք վարդերի առաքումը»,- ասել է ջերմոցի սեփականատեր Արտյոմ Հովհաննիսյանը։
«Վարդի թփերի բնականոն զարգացման համար բավարար է 70000 լյուքս լուսավորությունը։ Այսինքն՝ և՛ քիչ, և՛ շատ արևը նվազեցնում են արտադրողականությունը: Ուստի լույսի պակասը լրացվում է արհեստական լուսավորությամբ, իսկ ավելցուկը փոխհատուցում ենք մթագնումով»,- պարզաբանել է ջերմոցների առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը։ Մինչեւ ամսվա վերջ հոլանդական վարդերը պատրաստ կլինեն առաքման։ Սեզոնին մեկ ջերմոցային տնտեսությունից ամեն օր նախատեսվում է ստանալ մոտ չորս հազար ծաղիկ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը