Վրաստանի նախագահը դժգոհել է, որ իրեն չեն տեղեկացրել Ալիեւի այցի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Թբիլիսի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի այցի մասին եւ, ի հեճուկս նրա ցանկության, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը չի կայացել։ Այս մասին ասվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
«Նախագահը տեղեկացված չի եղել Վրաստան հարեւան եւ բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիեւի աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը եւ պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահի աշխատակազմում ընդգծել են, որ Զուրաբիշվիլին «պատրաստակամություն եւ ցանկություն է հայտնում մոտ ապագայում պաշտոնական այցով ընդունել Ադրբեջանի նախագահին»։
Ալիեւն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Ազդարարվել են միայն Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունները։