Փաշինյանը խոստովանել է՝ Ռուսաստանն ավելացրել է ճնշումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին պատվիրակության կազմով ժամանել է Երևան՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և ճշտելու, թե ինչ է սպասվում Արցախին։
Փաշինյանը, այցից գրեթե մեկ օր անց, ի վերջո հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ, ընդ որում, հանդիպել բացառապես միայն նրա հետ և չի ընդունել պատվիրակության կազմով Հայաստան ժամանած մյուս պաշտոնյաներին։ Արցախի նախագահը Հայաստան է ժամանել պատվիրակությամբ, որպեսզի միայնակ չլինի, Արցախի հանրությունից և քաղաքական ուժերից չթաքցնի իրականությունը, նաև որպեսզի այդ կազմը թույլ չտա, որ Արայիկ Հարությունյանը ճնշվի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Այդուհանդերձ, չնայած, որ Հարությունյանը միայնակ է հանդիպել,սակայն արդեն տեղեկություն է փոխանցել Արցախի քաղաքական ուժերին, թե ինչ է խոսել և պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին որևէ նոր բան չի ասել, նշել է, որ դեռ վերջնական որոշման չի հանգել Արցախի հարցում, սպասում են Աստանայում առաջիկայում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ընդ որում, չի թաքցրել, որ բավականին կոշտ խոսակցություն է սպասվում։
Ըստ Փաշինյանի՝ Մոսկվան լուրջ ճնշումներ է բանեցնում Հայաստանի իշխանությունների վրա և միայն Աստանայից հետո պարզ կլինի, թե դեպի ուր են շարժվում Հայաստանն ու Արցախը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Արայիկ Հարությունյանին ասել է, թե սկուզբունքորեն դեմ չէ արևմտյան տարբերակին, որտեղ փաթեթով Արցախը հանձնվում է Ադրբեջանին և կատարվում են թշնամու բոլոր պահանջները, սակայն հասկացրել է, որ ռուսական կողմը զգալի ուժեղացրել է ճնշումը և զայրացած է Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներից և պայմանավորվածություններից։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սարսափով է սպասում Պուտինի հետ հանդիպմանը և չգիտի, թե ի՞նչ տոնով է լինելու այդ խոսակցությունը և ի՞նչ են, ի վերջո, պահանջելու ռուսներն իրենից։ Ամեն դեպքում Փաշինյանին բավականին ծանր օրեր են սպասվում։
Վահրամ Ավագյան