Փելոսիի ակնարկը ընդդիմադիրներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեկ Երևանում ունեցած հանդիպումների շարքում հանդիպել է խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։ Թեև ընդդիմադիր պատգամավորները հայտնում են, թե խոսել են ադրբեջանական ագրեսիայի մասին, փոխանցել իրենց դիրքորոշումը, ակնհայտ է նաև, որ չի շրջանցվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավական բուռն քննարկում է ընթացել, ընդդիմադիր պատգամավորները Փելոսին հայտնել են, թե Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, իսկ նրա պայմանավորվածությունները առ ոչինչ են համարում։
Ընդդիմությունը ներկայացրել է իր դիրքորոշումները՝ հստակ և աներկբա, ամերիկյան առաջատար պաշտոնյային հայտնելով, թե ինչ է իրականում ակնկալում Միացյալ Նահանգներից։
Ներկայացուցիչների պալատի նախագահը բաց տեքստով ընդդիմությանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ընդունելի ֆիգուր է իրենց համար, հայտնել, թե հայ հանրությունն առնվազն երկու անգամ քվե է տվել նրան, որոնցից մեկը 44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայից հետո։
Ըստ Փելոսիի՝ ամերիկյան քաղաքական գիծը հստակ է, իսկ Հայաստանի համար իրենց սրտի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է։
Ընդսմին այդ հանդիպման ընթացքում նաև ընդդիմությանը հասկացրել են, որ իրենց չափազանց մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, նշել, որ բացառում են Քոչարյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու դեպքում, որևէ աջակցություն։
Ավելին ամերիկյան կողմը հասկացել է, որ եթե խոսքը լինի ավելի համեմատաբար ընդունելի ֆիգուրի մասին, Վաշինգտոնը կարող է այդքան դեմ չլինել և չի բացառել, որ այդ պարագայում կարող են քննարկել նման թեկնածությունը։
Հայտնի չէ, թե ինչ են պատասխանել ընդդիմադիր պատգամավորները, սակայն հստակ է, որ ԱՄՆ-ն այլևս չափազանց բաց խաղ է խաղում Հայաստանում և փորձում այդ հարցում ներքաշել նաև խորհրդարանական ընդդիմությանը։
Հարություն Թորոսյան