ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ղրղզա-տաջիկական հակամարտության պատճառն ու առաջարկել իր օգնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային հակամարտության մասին:
«Կոչ ենք անում կողմերին հրատապ և համապարփակ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայուն քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելու համար, դադարեցնելու էսկալացիայի ցանկացած փորձ, ինչպես նաև երրորդ կողմերի սադրանքները։
Հակամարտության պատճառը սահմանի մի շարք հատվածների ոչ ամբողջական սահմանազատումն ու սահմանագծումն է, մենք վերահաստատում ենք կողմերի համար ընդունելի ցանկացած օգնություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։
Մենք ողջունում ենք ՀԱՊԿ (կազմակերպությունը ներառում է երկու հանրապետությունները) գլխավոր քարտուղարի միջնորդական ջանքերը, որը սերտ կապեր է պահպանում ղրղզական և տաջիկական կողմերի հետ՝ հնարավորինս արագ կայունությունը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցությունների առաջարկը:
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն նշում է, որ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, Տաջիկստանը դեպի սահման է քաշում զինտեխնիկան: