Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում ընդդեմ Հայաստանի. Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային:
Մարզիկը համապատասխան հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում իր էջերում:
«Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում ընդդեմ Հայաստանի»,- ֆեյսբուքյան, թվիթերյան ու ինստագրամյան էջերում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է իր 50 զինծառայողի մահվան մասին։