«Քաղպայմանագրի» ցինիզմը պատերազմի օրերին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ ցինիզմի գագաթնակետին էր հասել կրկին ընդդիմադիր խմբակցությունների հետ հարաբերվելիս։
Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը երեկ մի քանի հոգով ներկայացել էր Ազգային ժողովի նիստին։
«Հայաստան» դաշինքից ներկա էին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրանք եկել էին ներկայացնելու իրենց մոտեցումները, ավելին՝ դրույթներ էին պատրաստել, որպեսզի դրանցով լրացնեն Ազգային ժողովի համապատասխան հայտարարությունը։
Փոխարենը գործող իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ, սակայն վերջին պահին կրկին գնացին իրենց բազմիցս տրորած ճանապարհով, ներկայացրեցին անատամ և ոչինչ չասող հայտարարություն և չընդունեցին ընդդիմության ներկայացրած և որևէ դրույթ, չարձանագրեցին, որ «Խաղաղության օրակարգը» վերջնականապես տապալված է և Նիկոլ Փաշինյանի մեղքով, նաև Ադրբեջանին կոնկրետ մեղադրանքներ չհասցեագրեցին, ընդամենը իրավիճակն օգտագործեցին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին որոշակի թեթև քննադատություն հնչեցնելու համար։
Ընդդիմությունն, իհարկե, չէր կարող ձեռքերը ծալած նստել և կրկին լքեց խորհրդարանը, իսկ ընդդիմադիրր պատգամավորները շեշտեցին, որ գործող վարչախմբի այս անատամ վարքը հենց Ադրբեջանի լկտիության և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա ստեղծելու առիթ է դարձել։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր կուսակիցների վարքից ամաչելու փոխարեն, ամբիոնից հաթաթա էր տալիս ընդդիմությանը, նույնիսկ զարմանում, թե ինչո՞ւ են նրանք վերադարձել խորհրդարան։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ փաշինյանական վարչախումբը դասեր չի քաղել անցյալից և մի կողմից խոսելով համազգային համախմբման մասին, մյուս կողմից ինքն է ամեն ինչ անում, հասարակությանը պառակտված և բևեռացված թողնելու համար, որպեսզի կարողանա շարունակել անփառունակ գործունեությունը։
Գարիկ Մխիթարյան