Տարօրինակ զարգացումներ արցախյան խնդրի շուրջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախյան խնդրի կարգավորման շուրջ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում, իսկ քարոզչական մանիպուլյատիվ հնարքները հայ հանրությանը պահում են կրկին լարվածության մեջ՝ շեղելով իրականում նրանց սպառնացող վտանգներից։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը հայտարարել է, թե օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության համաձայնագրի» տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Հաջիևն այդ մասին հայտարարել է Շուշիում, ուր հրավիրել էին տարբեր երկրների դեսպանների՝ իրենց հերթական խորհրդաժողովն իրականացնելու։ Ալիևի օգնականը նաև նշել է, թե իրենց կարծիքով Հայաստանի կողմից վարանումներ կան «Խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ։ Հայաստանի գործող իշխանությունները առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել Հաջիևի այս հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից միայն նշել են, թե հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, և կտրվի տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ։ Առաջին անգամը չէ, որ Հայաստանին սպառնացող վտանգների կամ այլ որևէ զարգացման վերաբերյալ հայկական կողմը տեղեկատվություն ստիպված է լինում ստանալ ադրբեջանական աղբյուրներից, իսկ Հայաստանի իշխանությունները մինչև վերջին պահը կա՛մ չեն հայտնում, կա՛մ էլ հայտնում են այլևս կատարված իրողությունների մասին։
Շուշիում կայացած այդ խորհրդաժողովն ուշագրավ է նաև նրանով, որ դարձել է գործող իշխանությունների, և արևմտամետ շրջանակների համար հերթական ուրախության առիթ։ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը, նույն Հաջիևը հայտարարել է, թե դա ընկալում են որպես անհարգալից վերաբերմունք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ըստ Հաջիևի՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ 30 տարի չեն նպաստել հակամարտության կարգավորմանը։ Հաջիևի այս հայտարարությունը բուռն ուրախությամբ են ընդունել հայկական քաղաքական որոշ շրջանակներ, մինչդեռ սա ավելի շատ հայկական կողմի զգոնությունը բթացնելու, հանրությանը հերթական տեղեկատվական կտերով կերակրելու քայլ է, որը կոչված է շեղելու հանրության ուշադրությունը Բրյուսելում կայանալիք հանդիպման արդյունքներից։
Մնացական Վարդանյան