«Սուրմալուն» ապացուցեց, որ Հայաստանը խորհրդարան չունի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որին գումարվում են ինչպես հեռախոսային ահաբեկչությունների փորձերը, կեղծ ահազանգերը, այնպես էլ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, երբ առնվազն 16 զոհ ունենք։ Միևնույն ժամանակ, փաստն այն է, որ աշխատում են բացառապես իշխող ուժի գործադիր թևի ներկայացուցիչները։
Օրենսդիր մարմնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով գնացել է արձակուրդ և վայելում է ամառը հայաստանյան կամ օտարերկրյա առողջարաններում՝ բնավ հարկ չհամարելով հստակ և անվերապահ արձագանքել Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակին։ Հատուկենտ պատգամավորներ միայն հարկ են համարում իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրությունները, հընթացս էլ անհեթեթ և վտանգավոր քայլեր անելով՝ արժանանալով նույնիսկ սեփական կուսակիցների քննադատությանը։
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի պատգամավորուհի՝ Հասմիկ Հակոբյանը ապատեղեկատվություն էր տարածել, թե հղի կնոջը և նրա երեխային ողջ են գտել փլատակների տակից, ԱԻՆ մամուլի քարտուղարը, ապա և նախարար Արմեն Փամբուխչյանը ստիպված էին հերքել այս ապատեղեկատվությունը, որը տարածվել էր իրենց իսկ կուսակցի կողմից։ Ի վերջո հրաշք տեղի չունեցավ, մոր և երեխայի դիերը հայտնաբերվեցին և դուրս բերվեցին, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հարկ չհամարեց որևէ կերպ արձագանքել իր իսկ կողմից տարածած ապատեղեկատվությանը և առնվազն ներողություն խնդրել։ Մինչդեռ խուճապային տրամադրությունները և էյֆորիան բավական լուրջ վնաս հասցրեցին, հատկապես այս պայմաններում, երբ գործող իշխանությունը աշխատում է հնարավորինս զուսպ արձագանքել «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակին և փորձում է «կիքսեր» թույլ չտալ։
ՔՊ-ական պատգամավորի այս արարքը լրջագույն հարված էր գործող իշխանությանը։ Թերևս շատ ավելի լավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ի պատգամավորները հանգստանում են և հնարավորինս քիչ են խանգարում երկրի կառավարմանը, առանց այն էլ գործադիր իշխանությունը մի լավ օրի չէ և չի կարողանում պատշաճ արձագանքել իրողություններին։
Արտյոմ Նահապետյան