Գերմանիան եվրագոտուց վերածվել է թույլ օղակի․ Financial Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի տնտեսությունը բախվում է մի շարք լուրջ արտաքին ցնցումների, որոնք կարող են հանգեցնել ռեցեսիայի: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
«Գերմանիան այնքան թույլ է, որ շատ վերլուծաբաններ վախենում են տեխնիկական անկումից՝ առնվազն երկու եռամսյակ անընդմեջ բացասական դինամիկայից»,- նշում է հրատարակությունը։
Նշվում է, որ Գերմանիայի տնտեսությունը լճացել է 2022 թվականի երկրորդ եռամսյակում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ի աճի ֆոնին։
Financial Times-ը մեջբերում է Մյունխենի Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Կլեմենս Ֆյուեստի խոսքերը, ով կարծում է, որ երկրում առկա խնդիրները նկատվում են «տնտեսական սպեկտրի ողջ լայնությամբ»։
Հոդվածում ընդգծվում է, որ Գերմանիայի տնտեսության հեռանկարները լրջորեն մթագնում են Չինաստանում հակաքովիդային սահմանափակումների, ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի, ինչպես նաև ռուսական էներգակիրների կրճատման ֆոնին։
«Ջերմության և էլեկտրաէներգիայի ծախսերի թանկացման պատճառով բնակչության կողմից ապրանքների և ծառայությունների պահանջարկը նույնպես նվազում է», - գրում է հրատարակությունը: Պարբերականը նշում է, որ գերմանական ձեռնարկություններն առաջիկա ամիսներին իրավիճակի բարելավման հույս չունեն։
Հրապարակումը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ Գերմանիայի համար արտաքին բացասական իրավիճակի հետևանքների մեղմացումից հնարավոր չէ խուսափել առանց պետական աջակցության միջոցառումների իրականացման։