«Ռուսական դելտակրոն». գիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է «օմիկրոն» և «դելտա» շտամները։ Այդ մասին գրում է РБК-ն։
Ամերիկացի գենետիկ Դմիտրի Պրուսը հայտարարել է, որ նոր շտամի՝ այսպես կոչված «ռուսական դելտակրոնի» վտանգը դեռ պետք է ուսումնասիրվի։ Նրա խոսքով՝ «օմիկրոնի» և «դելտա» գենոմների բաղադրիչներով հիբրիդային վիրուսները շատ հազվադեպ են՝ «դելտա» շտամի գրեթե ամբողջական անհետացման պատճառով։ Պրուսը նշում է, որ հենց այսպիսի անսովոր վիրուսներն են հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգից գենոմային տվյալների վերջին ներբեռնումներում։
«Դրանցից առաջինները տվյալների բազայում հայտնվել են հուլիսի սկզբին և մի փոքր անվստահություն են առաջացրել։ Սակայն հուլիսի վերջին Սմորոդինցևի գրիպի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել էին ավելի շատ նման գենոմներ: Մենք նորից ստուգեցինք այն ամենը, ինչ կարող էինք, և եկանք վստահ եզրակացության. սա սխալ չէ, այլ հիբրիդային վիրուս»,- ասել է գիտնականը։
Պրուսն ընդգծել է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Ռուսաստանում, քանի որ կորոնավիրուսի այս տարբերակը դեռևս չի հայտնաբերվել աշխարհի որևէ այլ երկրում։
Գիտնականը նշել է, որ «ռուսական դելտակրոնը» դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք այն կարող է առաջացնել ծանր քովիդային հետևանքներ։ Նա խորհուրդ է տվել ռուսական բժշկական հաստատություններին ուշադիր հետևել նոր շտամներին՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև գենոմների ավելի ակտիվ ուսումնասիրում և ավելի թափանցիկ հաշվետվությունների վերբեռնում համաշխարհային տվյալների բազա: