Թուրքիան բարձրացնում է խաղադրույքները Հայաստանի հետ հարաբերություններում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիան բարձրացնում է խաղադրույքները Հայաստանի հետ հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել հայ-թուրքական կարգավորումների վերաբերյալ։
Մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց է սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։
«Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում, կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է։ Մենք մի ժողովուրդ և երկու պետություն ենք»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանից մինչև հիմա հստակ քայլեր չեն տեսել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա պնդել է, թե Հայաստանի իշխանությունները պետք է խաղաղության հաստատման համար հստակ քայլեր անեն, քանի որ միայն խոսելը բավարար չէ։
Չավուշօղլուի այս հայտարարությունները վկայում են, որ հայ-թուրքական հարաբերություններում, եթե մինչ օրս որոշակի առաջընթաց էր գրանցվել հայկական կողմի ամեն ինչում զիջումների գնալու քաղաքականության շնորհիվ, ապա այլևս Թուրքիան չի բավարարվում ձեռք բերվածով և Հայաստանին նորանոր պահանջներ է ներկայացնում՝ ընդ որում հաշվի առնելով նույնիսկ թուրք վերլուծաբանների հայտարարությունները, թե Թուրքիան այսօր ավելի քան երբևէ կախված է Ադրբեջանից, կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Ալիևին հաջողվում է ազդել թուրքական ներքաղաքական իրավիճակի վրա և թուրքերին ստիպել նորանոր զիջումներ պահանջել Հայաստանից, կամ էլ գնալ ընդհանրապես հարաբերությունների սրման և բանակցությունների ձախողման, ինչին կարող է հետևել նոր պատերազմը մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Թուրքիայի և Ադրբեջանի միջև։
Ընդսմին, տևական ժամանակ Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է համոզել, թե Հայաստանի իշխանությունները խախտում են հրադադարի ռեժիմը, իսկ իրենք ընդամենը միջազգային իրավունքն են պաշտպանում։ Եվ Հայաստանի իշխանությունների կրավորական պահվածքի հետևանքով պետությունը կրկին կանգնել է ծանրագույն խնդիրների առջև։
Արեգ Դանիելյան