Թիրախում ԿԸՀ-ն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի իշխանությունները ցանկանում են իրենցով անել բոլոր կարևորագույն պաշտոնները։
Սեպտեմբերին ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմի պաշտոնավարման ժամկետը և Ազգային ժողովը, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, պետք է ընտրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմ։ Մեր տեղեկություններով, այս օրերին ինտենսիվ քննարկումներ են ընթանում, հատկապես Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, փորձում են գտնել համապատասխան իրավաբանների, որոնք կգնան Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կատարելու բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքը։
Ըստ էության, Փաշինյանն արդեն ինքը կողմնորոշվել է, թե ով պետք է դառնա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր նախագահը։
«Քաղպայմանագրում» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գործող կազմից որևէ անդամի թեկնածություն չի առաջադրվելու։ Նախ դա թույլ չի տալիս օրենքը, և երկրորդ ՝ փաշինյանական իշխանությունը խորը կասկածներ ունի անգամ Տիգրան Մուկուչյանի հանդեպ, որը թեև վերջին 4 տարիներին որևէ կերպ, որևէ քայլ չի արել գործող իշխանությունների դեմ, սակայն այդպես էլ չի կարողացել թոթափել կասկածամտության որդը։
Փաշինյանը հակված է այդ պաշտոնում նշանակելու իր մերձավոր զինակիցներից մեկին՝ «Հայկական ժամանակ» թերթի նախկին լրագրող, իրավաբանի կիսատ-պռատ դիպլոմ ունեցող Վահագն Հովակիմյանին։
Վերջինս, ի դեպ, լուրջ չի ընկալվում անգամ սեփական խմբակցությունում, և նրա բազմաթիվ նախաձեռնություններ ձախողվել են։ Ինքը՝ Հովակիմյանը, տևական ժամանակ հարցազրույցներ չի տվել տարբեր լրատվամիջոցների։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդհանրապես դեմ է, որ Հովակիմյանը որևէ տեղ առնչվի մամուլի հետ՝ փաստարկելով, որ նա Հովիկ Աղազարյանից ոչ պակաս անհեթեթ մտքեր է երկնում, ինչի հետևանքով իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենում։
Փաշինյանը ցանկանում է Հովակիմյանին ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` նախ նրան ընդհանրապես զրկելով մամուլի հետ առնչվելու և անհեթեթ քաղաքական մտքեր երկնելու հնարավորությունից, և երկրորդ՝ նրա միջոցով հսկելու ընտրությունների ամբողջ գործընթացը հանրապետության տարբեր հատվածներում։
ԿԸՀ կազմի ընտրությունից հետո, արդեն բարձրանալու է նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին ընտրելու հարցը, և ԿԸՀ-ն գրավելուց հետո, «Քաղպայմանագիրը» ցանկանում է ամբողջությամբ իրենով անել այդ համակարգը, այնպես, որ ընդդիմությունը առանձնապես մեծ շանսեր չունենա դիմադրելու։ Իհարկե գործող ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ տարբեր ընտրատեղամասերում վիճակահանությամբ նախագահների կամ քարտուղարների պաշտոնները տրվեն ընդդիմությանը։
Սա էլ առանձնապես լուրջ բարդություն չի ներկայացնում իշխանության համար՝ մտածելով, որ հանձնաժողովների հիմնական կազմերը լինելու են իշխանության ներկայացուցիչները, նրանք կեղծիքները կանեն այն հանձնաժողովներում, որտեղ նախագահները և քարտուղարները «Քաղաքացիական պայմանագրից» են։
Մարատ Պողոսյան